Անահիտ Մանասյանը զորամաս է այցելել․ ԶՈւ-ում առկա խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ ծանոթացել է զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին…

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ ծանոթացել է զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի ընթացքում Մանասյանը հանդիպել է զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել զինծառայողների և զորամասի հոգեբանի հետ։

ՄԻՊ-ը ծանոթացել է նաև բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին։

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է հրավիրել զինծառայողների կյանքի իրավունքի ապահովման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի ու ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման խնդիրներին։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, Զինված ուժերում դեռ կան հրատապ և համակարգային լուծումներ պահանջող խնդիրներ։

ՄԻՊ-ը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, իսկ ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումը շարունակում է մնալ օրակարգային անհրաժեշտություն։

Մանասյանը կարևորել է նաև զինվորական կարգապահության ամրապնդումը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը և խնդիրների վաղ հայտնաբերման ու դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Leave a Comment