Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ենթակա են արդարացման․ դատավարագետներ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով, եզրակացրել են մի խումբ դատավարագետներ։

Նրանք, հաշվի առնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև դրա բացառիկ պատմական նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, կազմել և Վեհափառին ու Դատավորին ենք ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն։

Նշվում է, որ եզրակացությունը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ քաղաքական կամ այլ գնահատականներից, և ուղղված է արդարադատության իրականացմանը նպաստելուն։

Եզրակացության հիմնական թեզերն են․

-«Կարգալույծ անել» արարքը զուրկ է քրեաիրավական հակաիրավականությունից։ Այն կարգավորվում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով և գտնվում է պետական պոզիտիվ իրավունքի կարգավորման առարկայից դուրս:

-Կարգալույծ անելու համար Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը համարվում է Եկեղեցու ներքին գործերին քրեաիրավական միջամտություն և խախտում է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքը, ինչպես նաև կրոնական կազմակերպության ինքնավարությունը

– Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին մեղսագրվող արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը). Նրանք ներկայացրել են կագրալույծ անելու վերաբերյալ առաջարկություն, որը վերջնական որոշում չէ:

– Այս գործով հետապնդումը հարուցելով՝ խախտվել է իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջը. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել, և դա հնարավոր չէր դուրս բերել դատական ակտը intra legem analogia կանոնով մեկնաբանելու միջոցով, ուստի քրեական պատասխանատվության սահմանները որոշակի են դարձել միայն հետագայում, ինչը հակասում է քրեական օրենքի որոշակիության և օրինականության սկզբունքներին:

-Նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում սույն գործով անձանց մեղսագրվող արարքը նվազ վտանգավոր է: Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է իր գործունեությունը որպես թեմի առաջնորդ՝ կրելով եպիսկոպոսական սքեմ և նստելով առաջնորդի աշխատասենյակում: Ավելին, պետությունն ինքն է շարունակել նրան ճանաչել որպես Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ. Սարոյանն ընդգրկվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ: Մասնագետները նշել են, որ այս հանգամանքը միանշանակ վկայում է, որ արարքը չի խոչընդոտել արդարադատության բնականոն գործունեությանը, և, հետևաբար, համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից այն չի կարող հանդիսանալ քրեական պատասխանատվության հիմք:

Եզրակացությունը կազմել են իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ղազարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Զորայր Հարությունյանը, և Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ Գրիգոր Չապանյանը։

Leave a Comment