Շարժումն է կյանքը, երեք երգչախումբ և պարի պարապմունք. սա 87-ամյա Աիդա Մնացականյանի առօրյայի մի մասն է միայն: Երիտասարդ տարիների իներցիայով ամեն առավոտ գեղեցիկ հագնվում, շպարվում ու դուրս է գալիս: «Միայնակ եմ ապրում, բայց ես մենակ չեմ, ընկերներ ունեմ, շրջապատ, օրս շատ հագեցած է անցնում»,- ասում է նա՝ հավելելով, որ նեղվում է միայն երթևեկության խցանումներից, որ ստիպված է լինում շատ ժամանակ կորցնել ճանապարհին։
Պատմում է, թե ոնց է դժվարությամբ, բայց մեծ հավատով բարձրացել Սևանի թերակղզու վանական համալիր ու «Տեր ողորմյան» երգելուց հետո ուժ և ավյուն ստացել շարունակելու վայելել իր բաժին կյանքը: Ամբողջ կյանքը երաժշտության մեջ անցկացրած տարեց կնոջ համար երգն է նաև երկարակեցության աղբյուր. խոստովանում է, որ եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, կուզեր ավարտել ուսումը Կոնսերվատորիայում, որ ընտանեկան դրության բերումով ստիպված է եղել կիսատ թողնել: