Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրն ուղղակիորեն շոշափում է նաև Հարավային Կովկասի անվտանգային լանդշաֆտը։ Դաշինքի պոտենցիալ նոր անդամների թվում Ադրբեջանն ամենավերջինը չի համարվում։ Դատելով ադրբեջանական աղբյուրների հրապարակումներից՝ Թուրքիան ուղիղ շահագրգռություն է դրսևորում այս ռազմաքաղաքական միավորմանն Ադրբեջանի միանալու հարցում։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օրերս հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության հաստատման գործընթացը, որին աջակցում է Անկարան, բացում է Հարավային Կովկասում ևս նման դաշինքի ձևավորման հեռանկարներ։ Ակնհայտ է, որ նկատի է առնվում հենց Հարավային Կովկասի միակ մուսուլմանական երկիրը՝ Ադրբեջանը։
2025 թ․ մայիսի 28-ին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովում ընդունվեց «Լաչինի հռչակագիրը», որը սահմանեց Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան («Երեք եղբայրներ») եռակողմ ձևաչափի ինստիտուցիոնալացման ու ռազմավարական խորացման հիմնական ուղղությունները։ Այս ռազմաքաղաքական տանդեմի ֆոնին Բաքուն պահպանում է ջերմ հարաբերություններ Էր-Ռիադի հետ։ Եվ պակտի երեք երկրների հետ այսպիսի մակարդակի հարաբերությունները Մեքքայի դաշինքին Բաքվի լիարժեք ինտեգրումը դարձնում են տրամաբանական: Սակայն խորքային շերտերում Ադրբեջանը կարող է բախվել լուրջ ռազմավարական ռիսկերի, ինչն ստիպում է Ալիևին լինել ավելի զգույշ և առայժմ դիստանցավորված մնալ այդ դաշինքից։
Բաքվի արգելակները
Առաջին և թերևս ամենազգայուն պատճառն իսրայելական գործոնն է: Ադրբեջանը տարիներ շարունակ իր արդիական սպառազինության առանցքային մասը (ՀՕՊ համակարգեր, հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ, բարձր ճշգրտության հրթիռներ) ստանում է Իսրայելից՝ փոխարենը վերջինիս տրամադրելով էներգակիրներ և հետախուզական «պատուհան» Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով: Երկու երկրների միջև փոխվստահությունն այնպիսի մակարդակի է, որ Իսրայելի վարչապետի աշխատակազմը կարող է բացեիբաց ընդունել, որ կարող է կարևոր քաղաքական որոշումներ փոխել (ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Կնեսետում քննարկման ներկայացնելը) Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցչի մի հեռախոսազանգի արդյունքում։
Մինչդեռ Մեքքայի դաշինքի երկու առանցքային հենասյուները՝ Թուրքիան և Պակիստանը, ընդգծված հակաիսրայելական դիրքորոշում ունեն: Ավելին, կարելի է ասել, որ այս դաշինքն ինչ-որ իմաստով նաև հակաիսրայելական է։ Ուստի Մեքքայի պակտին պաշտոնապես միանալը Բաքվի համար կնշանակի կտրուկ վատթարացնել Ադրբեջան-Իսրայել ռազմավարական կապերը, զրկել Բաքվին իսրայելական բարձրտեխնոլոգիական զենքից և Վաշինգտոնի հրեական լոբբիի աջակցությունից:
Երկրորդ լուրջ մարտահրավերը Իրանի ուղղակի սպառնալիքն ու սահմանային ռիսկերն են: Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի կամ Պակիստանի՝ Ադրբեջանն ունի ավելի քան 600 կմ ընդհանուր սահման Իրանի հետ: Թեհրանն առանց այն էլ ծայրահեղ զգայուն է իր հյուսիսային սահմանին ցանկացած ռազմաքաղաքական տեղաշարժի նկատմամբ։ Բաքվի անդամակցությունը հակաիրանական ընդգծված երանգ ունեցող սուննիական ռազմական դաշինքին Իրանի կողմից կընկալվի որպես ուղղակի էկզիստենցիալ սպառնալիք: Սա կարող է հանգեցնել Թեհրանի կողմից կոշտ հակազդեցության՝ սկսած սահմանների լիակատար փակումից և Նախիջևանի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապի բլոկադայից, մինչև ուղղակի ռազմական ճնշման մեծացում:
Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը, լինելով բնակչության մեծամասնությամբ շիադավան, բայց ընդգծված աշխարհիկ պետություն, զգուշանում է կրոնական-գաղափարական շեշտադրում ունեցող սուննիական ալյանսներից, ինչը կարող է ներքին դիսբալանս առաջացնել: Հենց այս հանգամանքներն են, թերևս, պատճառը, որ Բաքուն առ այսօր պաշտոնապես որևէ դիրքորոշում չի հայտնել Մեքքայի պակտի վերաբերյալ և որևէ մեկնաբանություն չի տվել այդ կապակցությամբ։
Ի վերջո, Շուշիի հռչակագիրն արդեն իսկ Բաքվին տալիս է Թուրքիայի ուղղակի ռազմական հովանոցը, Պակիստանի հետ առկա են խորացված երկկողմ պայմանագրեր, Լաչինի հռչակագիրն էլ, որքան էլ սիմվոլիկ, շարունակում է ֆոնային դեր կատարել։ Եվ այս պայմաններում Մեքքայի դաշինքին պաշտոնապես միանալը, Բաքվին լրացուցիչ անվտանգություն գրեթե չավելացնելով, ստեղծում է հսկայական աշխարհաքաղաքական ռիսկեր: Ուստի Ադրբեջանը կնախընտրի այսպես կոչված «3+1» ասոցացված ձևաչափը։ Այսինքն՝ կմասնակցի համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին, համատեղ զորավարժանքներին և այլն, սակայն կխուսափի հավաքական պաշտպանության պաշտոնական հոդվածի տակ ստորագրելուց և ուղղակի պարտավորություններ ստանձնելուց:
Հայաստանի մանևրելու պատուհանը
Մեքքայի պայմանագրի պատճառով Թուրքիայի ու Պակիստանի կոշտ հակաիսրայելական դիրքորոշման ֆոնին Երուսաղեմ–Անկարա–Բաքու ավանդական առանցքում առաջացող լուրջ ճեղքերը Հայաստանի համար կարող են բացել դիվանագիտական և ռազմավարական մանևրի նոր պատուհան: Երևանը կարող է օգտագործել այս դինամիկան մի քանի առանցքային ուղղություններով.
Ուղիղ երկխոսություն Իսրայելի հետ. Երևանը կարող է ակտիվացնել դիվանագիտական շփումները Երուսաղեմի հետ և դյուրացնել իսրայելական տեխնոլոգիական զինանոցից օգտվելու հնարավորությունները։ Եթե այդ դաշինքին Բաքվի հարելու պարագայում Իսրայելը վերանայի կամ սահմանափակի Ադրբեջանին բարձրտեխնոլոգիական սպառազինության ու ԱԹՍ-ների մատակարարումը, դա էապես կօգնի վերականգնել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում:
Անվտանգային այլընտրանքային աղեղի ձևավորում. Հայաստանը կարող է դառնալ առանցքային օղակ որպես Մեքքայի պակտի հակակշիռ ինքնաբերաբար ձևավորվող «Հնդկաստան–Իրան–Հունաստան–Իսրայել» շահերի խաչմերուկում՝ իհարկե ֆորմալ առումով չընդգրկվելով որևէ հնարավոր ֆորմատի մեջ, որտեղ կողմերի շահերը համընկնում են թուրք-պակիստանյան էքսպանսիան զսպելու հարցում (օրինակ՝ Հնդկաստան–Հունաստան–Կիպրոս–Իսրայել գործընկերության տիրույթում):
Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացում․ Նյու Դելիի համար Թուրքիա-Պակիստան տանդեմի ակտիվությունն ուղղակի մարտահրավեր է իր ազգային անվտանգությանը, ինչը Հայաստանին դարձնում է Հնդկաստանի բնական դաշնակիցը․ սա Երևանին հնարավորություն է տալիս պարզապես զենքի գնումներից անցնելու համատեղ արտադրության (տեխնոլոգիաների փոխանցման միջոցով ԱԹՍ-ների, ՀՕՊ համակարգերի հավաքում), հայկական ՏՏ ներուժի և հնդկական ռազմարդյունաբերության սիներգիային, ինչպես նաև «Չաբահար–Իրան–Հայաստան» անվտանգային-լոգիստիկ միջանցքով ռազմավարական անխափան թիկունք ապահովելուն։
Ուստի, ռիսկերի հարուցմամբ հանդերձ, այս գլոբալ գործընթացները նաև հնարավորությունների դուռ կարող են բացել Հայաստանի համար։
Գոռ Աբրահամյան
