ՔՊ պատգամավորի որդուն մեղադրում են պետությանը շուրջ 1,5 մլրդ դրամի վնաս հասցնելու մեջ

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ArmLur.am-ը։

Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մոտ 1,5 մլրդի պետությանը վնաս է պատճառել։ Նշվում է, որ նրա խափանման միջոցն ընտրվել է երաշխավորության հիման վրա։

Թերթի տեղեկություններով՝ Շանթ Բագրատյանին մեղադրում են նրանում, որ նա ստեղծելով և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով մի շարք ընկերություններ, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։

Ըստ նախաքննական մարմնի՝ արդյունքում հարկման օբյեկտները թաքցնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1,314,520,530 ՀՀ դրամի վնաս։

Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալների թվում են ևս 3 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Պետրոսյան, Ազատ Գրիգորյանը։

Leave a Comment