Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային փոխանակումներն ու ֆինանսական գործարքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին, գրում է Le Monde-ը։
ԱՄԷ-ն կիրառել է սահմանափակումներն անորոշ ժամկետով՝ դրանք պատճառաբանելով տարածաշրջանային լարվածության աճով և անվտանգության սպառնալիքներով։ Էմիրությունները Չինաստանից հետո Իրանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն են և Թեհրանի համար արտաքին շուկաներ մուտք գործելու հիմնական ուղիներից մեկը։
Որոշմանը նախորդել էր ԱՄԷ-ի հայտարարությունը, թե Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ ընկել է Պարսից ծոցում՝ Էմիրությունների տարածքային ջրերում և դրանց սահմաններից դուրս։ Աբու Դաբին ենթադրել էր, որ հրթիռները կարող էին ուղղված լինել ծովային երթևեկության դեմ։
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հրթիռների արձակմանը Թեհրանի մասնակցության մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և բարիդրացիական հարաբերություններին հակասող։
Reuters-ի գնահատմամբ՝ ԱՄԷ-ի որոշումը կարող է լրացուցիչ հարված հասցնել պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տնտեսությանը՝ սահմանափակելով բանկային փոխանցումները, ներմուծումը և Դուբայի միջոցով իրականացվող վերաարտահանումը։ Այն նաև մեծացնում է տարածաշրջանային առևտրային և տրանսպորտային երթուղիների վերաձևավորման հավանականությունը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։
Հունիսի 18-ին Իրանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին փոխըմբռնման հուշագիր։ Այդ ընթացքում ԱՄԷ-ն և Իրանը վերականգնել էին առևտրային կապերի և ավիահաղորդակցության մի մասը, սակայն Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի սպառնալիքները, չվերացնի ռազմածովային շրջափակումն ու պատժամիջոցները և չապաշրջափակի իրանական ակտիվները։
