Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

22 Օգոստոսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

«Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է. երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ-ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրոմիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների։

Հարցում էինք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել գործող ծաղկային ջերմոցային տնտեսությունների քանակի, դրանց ընդհանուր տարածքի և արտադրության ծավալների, ինչպես նաև ներքին վաճառքի և արտահանման հարաբերակցության, ՌԴ սահմանափակումների ներդրումից հետո ԵՄ երկրներ մատակարարումների դինամիկայի և ամբողջ արդյունաբերության համար վնասի գնահատման վերաբերյալ:

«Ծաղկային ջերմատնային տնտեսությունների կրած վնասներն առնչվում են տնտեսվարողների ներքին գործունեությանը, ուստի էկոնոմիկայի նախարարությունը դրանց վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»,- հայտնել են գերատեսչությունից:

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներ ծաղկային արտադրանք արտահանելու ծավալներին և մատակարարումների աշխարհագրությանը, ապա նախարարությունը խորհուրդ է տվել դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Անդրադառնալով ոլորտի աջակցության միջոցառումներին՝ գերատեսչությունը հիշեցրել է հունիսի 4-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կառավարության ընդունած ծրագրերի մասին և տեղեկացրել, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում իրացման այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ»։

 

Leave a Comment