ՊՆ-ն երկրորդ անգամ հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ճամբարակի դժբախտ պատահարին նախորդել է զինվորների միջև ծեծկռտուք և նրանք հակագազերով վազել են։
««Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ», – ասվում է նախարարության և Քննչական կոմիտեի համատեղ հայտարարության մեջ։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին քաղաքացին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, ինչի հետևանքով մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ վարորդը ձերբակալվել է։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե վրաերթի ենթարկված զինծառայողները, որպես պատիժ, հակագազերով վազել են և չեն նկատել մեքենան։ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն ավելի ուշ հերքել էին տեղեկությունը։
