Ռազմաուսումնական օդանավի աղետի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է

2024 թ. հուլիսի 19-ին Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում ռազմաուսումնական «Յակ-52» ինքնաթիռի աղետի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է:

Այս մասին «Հետքը» տեղեկացել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանից:

Հիշեցնենք, որ 2024-ի հուլիսի 19-ին՝ 9:30-ի սահմաններում, Եղվարդի նախկին ջրամբարի տարածքում աղետի ենթարկվեց ՊՆ ռազմական ակադեմիայի «Յակ-52» ինքնաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Զոհվեցին անձնակազմի երկու անդամները՝ օդաչու-հրահանգիչ, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը (1998 թ․) եւ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (2004 թ․):

Աղետից հետո Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հուլիսի 19-ին նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլորն էլ իրականացվել են օդաչու-հրահանգիչ, ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանի մասնակցությամբ։ Վթարը տեղի էր ունեցել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում։ 

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նույն օրը քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով):

Ձեւավորվել էր քննչական խումբ: Նշանակվել էին դատաձայնագրառային ու դատահամակարգչատեխնիկական, դատաավիաինժեներատեխնիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական եւ դատաբժշակական համալիր փորձաքննություններ:

Ինչպես հայտնել է ՀԿԳ քննության վարչության պետ Մ. Շիրվանյանը, աղետից 2,5 տարի անց՝ 2025 թ. դեկտեմբերի 29-ին, քրեական վարույթը կարճվել է՝ ՔՕ 539-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով:

Եթե սա ՀՀ զինված ուժերում վերջին ավիապատահարն էր խաղաղ պայմաններում, ապա նախորդը տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 4-ին, երբ աղետի էր ենթարկվել ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռը: Հիշեցնենք, որ օդանավն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարելու նպատակով ամսի 4-ին՝ առավոտյան 10:06-ին, Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դուրս էր եկել թռիչքային երթուղի, սակայն արդեն 10:20-ի սահմաններում կապն ինքնաթիռի հետ կորել էր: Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Քարաբերդ գյուղի հարեւանությամբ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի մնացորդները: Օդաչուները՝ փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Արմեն Սլավիկի Բաբայանը (1974 թ.) եւ մայոր, 3-րդ կարգի օդաչու Մովսես Գեւորգի Մանուկյանը (1987 թ.), զոհվել էին: 

Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով, սակայն աղետից մեկ տարի անց՝ 2019-ի դեկտեմբերի 25-ին, քրգործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:

Այս երկու պատահարների միջեւ ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում տեղի էր ունեցել եւս մեկը, որը, սակայն, կապված էր ոչ թե օդուժի, այլ քաղաքացիական ավիացիայի հետ, զոհերն էլ օտարերկրացիներ էին:

2022 թ. դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ՝ ավազի հանքի տարածքում, կործանվել էր Սլովակիայում գրանցված Beechcraft 95-B55 Baron տիպի օդանավը, որը Երեւանից թռչում էր Աստրախան: Զոհվել էին ռուսաստանցի 2 օդաչուները՝ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.): 

Ավիապատահարից հետո ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը քրեական վարույթ էր նախաձեռնել ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ այդմ՝ օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: 

2022-ի դեկտեմբերի 2-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) Հայաստանի կառավարության խնդրանքով ձեւավորել էր ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողով: Վերջինիս իրականացրած մասնագիտական քննության վերջնական արդյունքներին «Հետքը» մանրամասն անդրադարձել է

2023-ի հունվարին, հղում անելով ՔԿ-ին, գրել էինք, որ այս պատահարի քննության համար ստեղծվել է քննչական խումբ, նախաքննության ընթացքում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական: Սակայն 2025-ի սեպտեմբերին, ի պատասխան «Հետքի» հարցման, ՔԿ-ից հայտնել էին, որ փորձաքննությունների եզրակացության բովանդակության մասին ինֆորմացիա չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ: Այդուհանդերձ, հղում անելով ՄԱԿ-ի վերջնական զեկույցին, մենք գրել էինք, որ, օրինակ, հրամանատարի եւ օդաչուի մարմինների փորձաքննությունը չի բացահայտել ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործում հրամանատարի կողմից:

Ավելի ուշ այս պատահարի վերաբերյալ ՔԿ-ից «Հետքին» փոխանցել էին, որ նշանակվել է համալիր փորձաքննություն, որի արդյունքները դեռ չեն ստացվել: Մեր վերջին հարցմանն ի պատասխան՝ Մ. Շիրվանյանը հայտնել է, որ այս համալիր փորձաքննությունը նշանակվել է դեռ 2023 թ. փետրվարի 6-ին, բայց մինչ օրս դրա եզրակացությունը չի ստացվել:

ՀԿԳ քննության վարչության պետը չի պատասխանել մեր հարցին, թե արդյոք այս քրեական վարույթով կան մեղադրյալներ, եթե այո, ապա քանիսն են նրանք եւ Քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով են մեղադրվում: Նախկինում մեր ուղարկած հարցումներին ՔԿ-ից արձագանքել էին, որ մեղադրյալներ չկան:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment