ՀԱՍԵ Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն արդարացվել է․ փաստաբան – armeniatoday.am

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նա նշել է, որ կարգալույծներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանն իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով Ալավերդյանին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել։

Փաստաբանն ընդգծել է, որ այդ սուտը բացահայտվել է։ «Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ ( որն ի դեպ՝ նույնպես իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են»,- նշել է փաստաբանը:

Ֆարմանյանը հավելել է, որ Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և միլիոնավոր դրամներ ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել։
Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:

Փաստաբանը շեշտել է, որ այս հրեշավոր ստի պատճառով Ալավերդյանն ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, նրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:

Leave a Comment