Նախորդ ամիս «Հետքի» ընթերցողներից մեկը խմբագրությանը հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մի քանի օրով վերսկսել է անտառվերականգնման աշխատանքները Կապան քաղաքի շուկայի մոտ գտնվող սարալանջի վրա: Աղբյուրը տարակուսանք էր հայտնել, որ այս աշխատանքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում դրանք կարող են վերսկսվել:
2025 թ. «Հետքն» անդարադարձել էր այս աշխատանքներին եւ քրեական վարույթին: Բանն այն է, որ ԶՊՄԿ-ն իր արտադրական կարիքների համար անտառային հողերի նպատակային նշանակությունը (կատեգորիան) փոփոխելու արդյունքում ժամանակին ստանձնել է փոխհատուցման պարտավորություն: Խոսքը անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներ կատարելու մասին է:
Երբ 2020-2021 թթ. Կապանում հանրային լսումներ էին կազմակերպվել այս աշխատանքների վերաբերյալ, համայնքի կողմից առաջարկ եւ պահանջ է ներկայացվել, որպեսզի անտառապատման աշխատանքների իրականացման գործընթացում ներառվեն նաեւ Կապան քաղաքի տարածքում գտնվող երկու տեղամասեր: Դրանք, ըստ ԶՊՄԿ-ի, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից մնացած որոնողահետախուզական աշխատանքների հետեւանքով ձեւավորված օքսիդացված ապարների կուտակումներ էին։ Ապարակույտերը գտնվում են Կապան քաղաքի շուկայի հարակից հատվածում (տես ստորեւ), ինչպես նաեւ քաղաքի բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ։
Ընդ որում՝ այս կուտակումները, ԶՊՄԿ-ի հավաստմամբ, առաջացել են ոչ իր գործունեության հետեւանքով:
«Քանի որ խորհրդային տարիների որոնողահետախուզական աշխատանքների վերաբերյալ պահպանված արխիվային տեղեկատվությունը չի պարունակում տվյալներ օքսիդացված ապարների ճշգրիտ ծավալների եւ տարածման վերաբերյալ, որոշում է կայացվել աշխատանքներն իրականացնել փուլային եւ աստիճանական եղանակով՝ մշտադիտարկման եւ վերահսկողության ներքո,- դեռ 2025-ին «Հետքին» փոխանցել էին ԶՊՄԿ-ից ու ավելացրել,- 2024 թ. ընթացքում իրականացվել են հողային աշխատանքներ՝ օքսիդացված ապարների աստիճանական հեռացմամբ եւ տարածքի ռելիեֆի ձեւավորմամբ։ Արդյունքում ձեւավորվել է աստիճանային հարթակ, որը, ծրագրի համաձայն, նախատեսվում է համալրել տվյալ տարածքի կլիմայական, հողային եւ ռելիեֆային պայմաններին համապատասխան ծառատեսակներով եւ թփերով՝ տարածքին հաղորդելով կայուն եւ անվտանգ կանաչապատ տեսք»։
Հանքարդյունաբերողը նախորդ տարի մեզ նաեւ փոխանցել էր, որ հողային աշխատանքները կատարվել են մոտ 70 տոկոսով:
Սակայն Քննչական կոմիտեից «Հետքը» տեղեկացել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ապօրինի ձեռնարկատիրության եւ հող փչացնելու հոդվածներով: ՔԿ-ից օրերս մեզ հայտնել են, որ նախաքննությունն այս պահին ընթացքի մեջ է:
ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին հարցրել էինք, թե արդյոք ընկերությունը նախորդ ամիս իսկապես վերսկսել էր անտառվերականգման աշխատանքները: Միաժամանակ հետաքրքրվել էինք, թե որքանով է իրավաչափ քրեական վարույթի առկայության պայմաններում այդ աշխատանքների վերսկսումը: «Թեեւ ընկերությունը չի ստացել աշխատանքների դադարեցման մասին որեւէ հանձնարարական կամ ծանուցում, աշխատանքների վերսկսումը կախված կլինի ընթացող քննության արդյունքներից»,- հարցին ոչ ուղիղ պատասխան է տվել Մարգարյանը՝ ըստ էության, չհերքելով մեր ստացած տեղեկությունը:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ժամանակին ինքն է դիմել ԶՊՄԿ-ին՝ քաղաքի տեսանելի երկու հատվածներում անտառապատում եւ անտառվերականգում իրականացնելու համար: Դրանցից մեկը՝ քաղաքի շուկային հարակից տարածքը, 1,5 հա է (ներքեւի քարտեզում՝ ձախից), մյուսը, որը գտնվում է Դավիթ Բեկ թաղամասում, 0,5 հա է (քարտեզում՝ աջից, տես ստորեւ՝ լուսանկարում):
Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ԶՊՄԿ-ն 20 հա-ի վրա անտառապատում ու անտառվերականգնում իրականացնելու ծրագիր ուներ, ինքն էլ խնդրել էր, որ ծրագրում ներառեն նաեւ Կապան քաղաքի՝ ընդհանուր 2 հա մակերեսով այդ հատվածները: «Բնականաբար, թե՛ ես, թե՛ կոմբինատը հասկանում էինք, որ դա բավական ծախսատար միջոցառում է, բայց ԶՊՄԿ-ն ընդառաջ գնաց իմ խնդրանքին՝ հասկանալով հարցի կարեւորությունը մեզ համար»,- ասում է Գ. Փարսյանը:
Այս հատվածները, ըստ «Հետքի» զրուցակցի, տասնամյակներով գլխացավանք են եղել քաղաքի համար՝ ոչ միայն խաթարելով բնակավայրի տեսքը, այլեւ բնապահպանական ռիսկեր ստեղծելով:
Համայնքապետը հաստատում է ԶՊՄԿ-ի տեղեկատվությունն այն մասին, որ այս տարածքները դեռ խորհրդային տարիների հանքարդյունաբերական գործունեության հետեւանք են: Ըստ Փարսյանի՝ խորհրդային տարիներին Կապանի հին հանքախորշերից հանված դատարկ ապարներն են լցվել այս երկու տեղամասերում:
«Ամեն անգամ հորդառատ անձրեւների, սելավների ժամանակ այդ դատարկ, էրոզացված ապարների դեղնականաչավուն գոյացությունը լցվում է թե՛ Մ-2 մայրուղի, թե՛ Ողջի գետի ջրավազան, եւ շատ տհաճ իրավիճակ ու բնապահպանական խնդիրներ է առաջացնում»,- նկատում է համայնքի ղեկավարը:
Գեւորգ Փարսյանը նշում է, որ տեղյակ է քրեական վարույթից, գիտի նաեւ, որ չնայած նախաքննությունը չի ավարտվել, աշխատանքները մի պահ վերսկսվել էին:
«Տեւական ժամանակ աշխատանքները դադարեցված էին: Այդ ընթացքում դիմում էի ԶՊՄԿ-ին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսեն աշխատանքները, որովհետեւ դրանք կիսատ էին, եւ մեզ համար խնդիրները մնում էին նույնը: Վերջերս էլ մամուլում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես էր հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքը ողողվում այդ էրոզացված ապարներով»,- ասում է Կապանի համայնքապետը:
Չցանկանալով անդրադառնալ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող նախաքննությանը՝ Գ. Փարսյանը «Հետքին» հայտնել է, որ քաղաքի այդ երկու հատվածների անտառվերականգնման հարցի լուծումը հրատապ է. «Կարեւորում ենք, որ մեկ օր շուտ լուծվի այս խնդիրը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter