«Օրինական զենքերը չեն կարող մեղադրանքը հիմնավորող ապացույց լինել». «Սրբազան պայքարի» գործով պաշտպաններ

«Սրբազան պայքարի» գործով այսօր՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործում առկա ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողները ներկայացրին Սարգիս Հարությունյանի, Միհրան Մախսուդյանի և Արման Իսրայելյանի բնակության վայրից առգրավված զենքերի վերաբերյալ փորձագետների եզրակացությունները։

Այս գործով կա 18 մեղադրյալ։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Միհրան Մախսուդյանի պաշտպանը հայտնեց, որ Սարգիս Հարությունյանի տնից հայտնաբերված զենքերն ընդհանրապես վերաբերելի չեն գործին։ Անհասկանալի է՝ ինչու են դրա վրա ժամանակ վատնում, և ինչ է դրանով ապացուցվում։

«Էդ մարդկանց չենք ճանաչում։ Քննչականին, գործը կարողներին պիտի ստեղ հրավիրեք, որ էդ գործը փորձել են կարել մեզ վրա ու շինծու մեղադրանք ներկայացրել։ Հայաստանում ով ինչ զենք ա ունեցել, գնացել եք բռնել, բերել մեզ վրա գրանցել, էլ ուրիշ բան չկա՞ր գրանցելու»,- հայտարարեց Մախսուդյանը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ասաց, որ այս ապացույցները կապ չունեն մեղադրանքի հետ։ Մարկանց տանը հայտնաբերվել են օրինական զենքեր, պետությունը միլիոնավոր դրամներ է ծախսել այդ փորձաքննությունների վրա, որպեսզի պարզվի՝ դրանք օրինական են։

«Ամենասկզբից ասել էինք, որ սրանք չպետք է հետազոտվեն, առհասարակ մեղադրանքը չպետք է կառուցված լիներ այսպիսի ապացույցների վրա։

Եթե դատարանն այդ հարցադրումները չի կատարում՝ թողնելով մրցակցային դատավարության շատ ունիվերսալ տիրույթում, որ իրենց մեղադրանքն է՝ ինչ ուզեն կներկայացնեն, հետո դատարանը կորոշի, այդ պարագայում ես սկսում եմ արդեն չառարկել, հանրային մեղադրողներն ինչ ուզում են, թող հրապարակեն, և մեր հանրությունը թող տեսնի՝ էս գործի 34 հատորներն ինչից են բաղկացած»,- հայտնեց Խուդոյանը։

Հետազոտված հաջորդ ապացույցը վերաբերում էր Միհրան Մախսուդյանի տնից առգրավված հրացանին ու փամփուշտներին։

Մախսուդյանի պաշտպանն ասաց՝ քննիչը մոռացել է նշել, որ այդ որսորդական հրացանն ու փամփուշտներն օրինական են։

«Եթե մարդն ունի օրինական որսորդական զենք, ապա դա չի կարելի դիտել որպես ապացույց՝ մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքը հիմնավորելու համար։ Այն հանգամանքը, որ չի նշվում՝ օրինական զենք է, խոսում է այն մասին, որ վարույթ իրականացնող մարմինը, մեղադրողները փորձում են պատրանք ստեղծել, նաև՝ հանրության համար կեղծ ապացույց ստեղծել, թե իբր այդ զենքը նպատակ է ունեցել օգտագործել իշխանազավթության կամ ահաբեկչության համար»,- նշեց նա։

Հաջորդիվ հետազոտվեց Արման Իսրայելյանի տնից հայտնաբերված զենքերի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը։

Իսրայելյանի պաշտպանը նշեց, որ մի դեպքում որսորդական զենք է, մյուս դեպքում՝ պետության կողմից ստացված նվեր։

«Չկա մի օբյեկտիվ կապ, որ Արման Իսրայելյանի օրինական զենքերը կարող էին կիրառվել անօրինական նպատակով, էլ չասեմ՝ ահաբեկչության նպատակով»,- ասաց նա։

Պաշտպանական կողմը պնդում է՝ փորձագետները պետք է հարցքաննվեն։ Հաջորդ դատական նիստին նրանց կհրավիրեն հարցաքննության։ Այն նշանակվել է օգոստոսի 27-ին՝ ժամը 15.00-ին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment