«Տուն ենք ուզում»․ Վարդաշենի բնակիչները հրաժարվել են առաջարկվող փոխհատուցումից

Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչներն ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց բնակարան տրամադրել իշխանությունների առաջարկած փոխհատուցման փոխարեն։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ առաջարկվող մոտ 7–9 մլն դրամ գումարով, կախված սենյակների քանակից, այլ բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

Ակցիայի մասնակիցներից մեկը պատմել է, որ մեկ սենյականոց բնակարանի համար առաջարկվում է մոտ 7,8 մլն դրամ։

Նրա խոսքով՝ նույնիսկ ոչ վթարային հանրակացարաններում մոտ 12 քմ սենյակների արժեքը կարող է կազմել 35–40 հազար դոլար, իսկ մեկ սենյականոց բնակարանների գները սկսվում են մոտ 80–90 հազար դոլարից։

«Մենք եկել ենք հրաժարվենք գումարից, թող մեզ մեր քառակուսու չափով տուն տան»,- հայտարարել է նա։

Բողոքողների խոսքով՝ մեկ սենյականոց բնակարանի համար նախատեսվում է մոտ 7 մլն դրամ, երկու սենյականոցի համար՝ մոտ 9 մլն դրամ։ Նրանք պնդել են, որ իշխանությունները կարող են այդ գումարներով իրենք բնակարաններ գնել և տրամադրել բնակիչներին։

«Մենք տուն ենք ուզում, մենք չենք ուզում փողոցում հայտնվել։ Ընդամենը թող մեր տունը տան»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։

Մեկ այլ բնակչուհի նշել է, որ եթե իշխանությունները չեն պատրաստվում իրենց այլ բնակարան տրամադրել, ապա չպետք է քանդեն վթարային շենքերը։

«Եթե չեն բավարարելու մեզ բնակարանով, մեր շենքին թող չկպնեն։ Պատ կա, կռիշը ունենք, անձրև չի գալիս»,- ասել է նա։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ վերաբնակեցման հարցը քննարկվում է արդեն մոտ երեք տարի։

Բնակիչներից մեկի խոսքով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ խնդրել էր մեկից մեկուկես տարի սպասել, սակայն արդեն երեք տարի է անցել։

Ակցիայի մասնակիցները նաև անհամաձայնություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետությունը պարտավորություն չունի նրանց բնակարանով ապահովելու։ Նրանք նշել են, որ պատրաստ են հրաժարվել գումարից, եթե իշխանություններն այդ միջոցներով բնակարան գնեն և տրամադրեն իրենց։

«Թող մեզ գումարը չտան, թող այդ գումարով տունը առնեն, տան մեզ։ Այստեղ բոլորը հենց այդ տարբերակին են համաձայն»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ բնակիչներին առաջարկվում է չորս ամիս գործողության ժամկետով սերտիֆիկատ, սակայն նրանք մտահոգված են, որ այդ ընթացքում չեն կարողանա համապատասխան բնակարան գտնել։ Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ շատերի համար հիփոթեքը լուծում չէ՝ տարիքի և վարկը սպասարկելու հնարավորություն չունենալու պատճառով։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ երկու շենքերում բնակվում է շուրջ 180 ընտանիք։ Նրա խոսքով՝ բնակիչները շարունակելու են պայքարը և պահանջում են հանդիպում իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ճեպազրույցում, պատասխանելով Վարդաշենի բնակիչների ակցիայի վերաբերյալ լրագրողի հարցին, հայտարարել էր, որ պետությունը նրանց բնակարանով ապահովելու պարտավորություն չունի։

«Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Ասում են՝ 7 մլն են տալիս, բա ինչքա՞ն տանք»,- ասել էր նա։

Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանում չկա ընդհանուր ռեժիմ, որով պետությունը տուն չունեցող բոլոր քաղաքացիներին գումար է տրամադրում բնակարան ձեռք բերելու համար։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները փորձում են աջակցել մարդկանց, սակայն երբեմն օգնության չափը մեծացնելուց հետո պահանջներն էլ են ավելանում։ Միաժամանակ Փաշինյանը նշել էր, որ կոնկրետ դեպքի մանրամասներին ծանոթ չէ և կծանոթանա դրանց։

«Եկեք արձանագրենք, որ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, և այդ գույքի շուկայական արժեքը զրո է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 մլն դրամ»,- հայտարարել էր նա։

Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանում կան վայրեր, որտեղ 7 մլն դրամով հնարավոր է գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել։

Leave a Comment