
Լիբանանի գլխավոր դատախազը հրամայել է նախկին սիրիացի գեներալ Ադել Իսային արտահանձնել Սիրիա՝ Լիբանանում կատարված հանցագործությունների մեղադրանքով դատվելու համար։ Որոշումը կայացրել է Լիբանանի վճռաբեկ դատարանի պետական մեղադրող Ահմադ Ռամի ալ-Հաջը։ Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի դատական իշխանությունները որոշել են, որ արտահանձնման բոլոր իրավական պայմանները բավարարված են։ Որոշումը հիմնված է Լիբանանի և Սիրիայի միջև 1951 թվականին կնքված դատական համաձայնագրի վրա։
Իսան, որն այժմ գտնվում է Լիբանանի կալանքի տակ, նախ կտեղափոխվի Բեյրութի Արդարադատության պալատ, այնուհետև կտեղափոխվի Լիբանանա-սիրիական սահման և կհանձնվի սիրիական իշխանություններին։
Իսան Բաշար ալ-Ասադի կառավարության բարձրաստիճան սպա էր։ Նա ղեկավարել է սիրիական բանակի 17-րդ դիվիզիան և ցամաքային ուժերը Դեյր էզ-Զոր նահանգում։ Լիբանանի իշխանությունները գեներալին ձերբակալել են օգոստոսի սկզբին՝ Բեյրութում Սիրիայի դեսպանատուն այցելությունից հետո։ Սիրիան Իսային մեղադրում է սպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Նա հերքում է մեղադրանքները։
Օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, որը գլխավորում էր սիրիական բանակի չորրորդ դիվիզիան: Երեքշաբթի օրն ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ Ասադի զարմիկ Վասիմ ալ-Ասադը Դամասկոսի դատարանի կողմից մահվան է դատապարտվել կանխամտածված սպանության և խոշտանգումների համար, որ որակվում է՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ: