Օգոստոսի 15-ի գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։Շատուրայում ԱԹՍ-ն…
Օգոստոսի 15-ի գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Շատուրայում ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան։ Վիրավորվել են 9-ամյա երեխա և 55-ամյա կին։
Վորոբյովի խոսքով՝ երեխայի վիճակը ծանր է։ Բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, նախատեսվում է տեղափոխել Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոն։
Կնոջ մոտ ախտորոշվել է գլխի վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հարվածի հետևանքով վնասվել է նաև մասնավոր տան տանիքը։
Նահանգապետը հայտնել է, որ Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումը հետ մղելու գործողությունները շարունակվում են։ Անօդաչուներ են նկատվել նաև Մոժայսկի և Նարո-Ֆոմինսկի շրջանների երկնքում։
Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզում ոչնչացվել է ութ ԱԹՍ։ Դրանք խոցվել են Շատուրայի, Դոմոդեդովոյի, Օդինցովոյի, Ռամենսկոյեի, Չեխովի և Վոսկրեսենսկի շրջաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում ընդհանուր առմամբ խոցվել է 598 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքին մոտեցող 15 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։
Հարձակումների մասին հաղորդվել է նաև Յարոսլավլի և Պենզայի մարզերում, ինչպես նաև Սևաստոպոլում։ Պենզայի մարզում ԱԹՍ-ի հարվածից գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չեն եղել։