Hainan Airlines ավիաընկերության Airbus A330-300 ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Մանչեսթեր չվերթը, արտակարգ հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկի օդանավակայանում, հայտնում է ՌԲԿ-ն։
«Վայրէջքն իրականացվել է հաստատված ընթացակարգով։ Տուժածներ և ավերածություններ չկան։ Օդանավակայանի վթարափրկարարական թիմերը բերվել են լիակատար պատրաստվածության և ապահովել են օդանավի ընդունումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուղևորների հետ աշխատանքի համար ներգրավվել են օդանավակայանի անգլերենին և չինարենին տիրապետող աշխատակիցներ։ Չվերթն իրականացնելու համար կուղարկվի պահեստային օդանավ։
ՌԲԿ-ի տվյալներով՝ ՌԴ ԱԻՆ Կրասնոյարսկի երկրամասի վարչությունից հստակեցրել են, որ վայրէջքը եղել է վթարային։ Զոհեր և վիրավորներ չկան, օդանավի և վերգետնյա ենթակառուցվածքների վնասում չի արձանագրվել։
