Իրավական խաբկանք. փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի կալանավորման ապօրինության մասին

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման, ձերբակալման և կալանավորման ապօրինության մասին։

Օգոստոսի 13-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Գրիգորյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրողներին կաշառելու ենթադրյալ գործով։

«Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը»,- հայտարարել է Բաբայանը։

Փաստաբանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Էկլեի գործով որոշման մեջ արձանագրել է, որ քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունը «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։

«Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի»,- նշել է Բաբայանը։ Միաժամանակ փաստաբանն ընդգծել է, որ այդ գործողությունները գաղտնի բնույթ են կրել, և Գրիգորյանը կարող էր դրանց մասին չիմանալ։ Մայիսի 24-ին քննչական մարմինը հրապարակել էր այդ գաղտնալսումը՝ այդպիսով հայտնի դարձնելով նաև պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել մայիսի 22-ին իրականացված խուզարկություններին՝ դրանք անվանելով «բեկումնային պահ»։ «Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է։ Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ամրագրված է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ»,- հայտարարել է նա։

Բաբայանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն՝ խուզարկությունը դրության էական շոշափման դասական օրինակ է։ «Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում»,- նշել է փաստաբանը։

Բաբայանը վկայակոչել է նաև Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի։ «Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է»,- ասել է իրավաբանը։

Նրա պնդմամբ՝ պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք։ «Փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները՝ գաղտնալսում, խուզարկություն, սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին՝ օգոստոսի 2-ին»,- հայտարարել է Բաբայանը։

Փաստաբանը կարծում է, որ պատգամավորական իմունիտետը պետք է պաշտպանի ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից։ Բաբայանի խոսքով՝ քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, Գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։

«Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»,- եզրափակել է փաստաբանը։

Leave a Comment