Ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։Ըստ քրեական վարույթի՝ 2026…
Ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ քրեական վարույթի՝ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիր Կ.Պ.-ն նախնական համաձայնության է եկել դաշինքի այլ համակիրների, այդ թվում՝ Հ.Ս.-ի և Լ.Վ.-ի հետ։
Ըստ մեղադրանքի՝ նրանք նպատակադրվել են Գյումրիի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովներում անձանց ընդգրկելու միջոցով՝ որպես քողարկված վարձատրություն, ընտրակաշառք տալ ընտրողներին։
Մասնավորապես՝ մի շարք անձանց առաջարկվել է մասնակցել ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, ինչպես նաև ապահովել իրենց մերձավորների մասնակցությունն ու նույն դաշինքի օգտին քվեարկությունը։ Դրա դիմաց նախատեսվել է նրանց ընդգրկել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում։
Դատախազության տվյալներով՝ առաջարկն ընդունել է 11 անձ։
2026 թվականի հունիսի 6-ին Լ.Վ.-ն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանցից յուրաքանչյուրին փոխանցել է 30 հազար դրամ՝ որպես ընտրակաշառք։
Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 14 անձի նկատմամբ։ Օգոստոսի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք՝ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։