Վենսը ներկայացրել է Իրանի հարցում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակը

ԱՄՆ-ն Իրանի հարցում երկու հիմնական նպատակ ունի՝ թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել և ապահովել էներգակիրների կայուն գները։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ…

ԱՄՆ-ն Իրանի հարցում երկու հիմնական նպատակ ունի՝ թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել և ապահովել էներգակիրների կայուն գները։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմն այդ նպատակներին հասնելու համար «շատ ընտրողաբար» օգտագործում է դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործիքները։

Վենսը նշել է, որ իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ՝ պնդելով, որ Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։

«Մի բան կարող եմ վստահորեն ասել. կարծում եմ՝ սա կավարտվի նրանով, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա մի վիճակի, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար»,- ասել է Վենսը։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր բանակցություններ սկսել վերջնական համաձայնության հասնելու համար։ Հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Leave a Comment