Ծառայության ժամկետը կրճատելը դժգոհություն է առաջացրել 2 տարի ծառայողների մոտ. ԶԼՄ

Զինվորական ծառայության ժամկետը մինչև 1,5 տարի կրճատելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել 2 տարով զորակոչված զինծառայողների շրջանում, հայտնել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Պաշտպանության նախարարությունը փորձել է մեղմել իրավիճակը՝ երկու տարի ծառայողներին հավելյալ 5-7 օրվա արձակուրդ տրամադրելով, սակայն դա չի նվազեցրել լարվածությունը։

Միևնույն ժամանակ, թերթի տվյալներով՝ զինծառայողների ծնողների պահանջը՝ տարածել 1,5 տարվա ռեժիմը նաև իրենց որդիների վրա, ՊՆ հրամկազմը մերժել է։

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 18 ամիս սահմանվելու օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Փոփոխությունը վերաբերում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին։ Այդ օրվա դրությամբ ծառայության մեջ գտնվողների համար ժամկետը կմնա նույնը՝ 24 ամիս։

Leave a Comment