Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի – armeniatoday.am

Արևմտյան Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, մոտ 3500 մարդ վիրավորվել է, գրեթե 500-ը՝ անհետ կորել, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելային:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են առավել տուժած շրջաններում։ Պերեյրայում փրկարարները փլատակներից դուրս են բերել 32-ամյա կնոջ, որը ավելի քան 36 ժամ մնացել էր փլատակների տակ։ Կալիում, որն ունի ավելի քան 2,2 միլիոն բնակիչ, առնվազն 95 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեխանդրո Էդերը։

Հարյուրավոր փրկարարներ և կամավորներ շարունակում են մաքրել փլուզված շենքերի փլատակները։ Օգոստոսի 11-ին նրանց հաջողվել է փրկել չորս մարդու։ Աշխատանքներին մասնակցում են Կոլումբիայի բանակի ստորաբաժանումները, որոնողափրկարարական շների խմբերը, ջերմային սարքավորումներով հագեցած անօդաչու թռչող սարքեր և մասնագիտացված տեխնիկա։

Միացյալ Նահանգները ևս մոտ 40 քաղաքային որոնողափրկարարական մասնագետ է ուղարկել՝ տեղական իշխանություններին աջակցելու համար։

Օգոստոսի 10-ին Կոլումբիայի Չոկո դեպարտամենտում գրանցվել էր 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել էր Սան Խոսե դել Պալմարի շրջանում, իսկ ցնցումները զգացվել էին նաև Բոգոտայում և Վենեսուելայում։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հայտնել էին 132 զոհի մասին։

Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը վերջին տասնամյակում տեղի ունեցածներից ամենաուժեղն էր: Ցնցումները զգացվել են նաև Վենեսուելայում, Էկվադորում և Պանամայում: Երկրաշարժից հետո մի քանի շրջաններում խափանվել են էլեկտրաէներգիան, բջջային հեռախոսակապը և ինտերնետը:

Leave a Comment