ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, հայտնում է 24News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով զինծառայողի մահվան հերթական դեպքը, հայտարարել էր Ռազմական ոստիկանությունում և բարոյահոգեբանական ապահովման վարչությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին։
Զաքարյանը Ռազմական ոստիկանությունը ղեկավարում է 2020 թվականի օգոստոսից։ Մինչ այդ նա զբաղեցրել է Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի պետի պաշտոնը։ 24News-ը նաև գրում է, որ նրա նշանակման հարցում զգալի դեր է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որի հետ Զաքարյանը մտերիմ հարաբերություններ ունի։ Ավելի վաղ Զաքարյանը ղեկավարել է Գյումրիի «Կումայրի» ջոկատը և երկար տարիներ ծառայել Ռազմական ոստիկանության համակարգում։
Օգոստոսի 13-ին Փաշինյանը հայտնել էր, որ առավոտյան պաշտպանության նախարարի հետ քննարկել է բանակում ստեղծված իրավիճակը և արդեն որոշում է կայացրել կադրային փոփոխությունների մասին։ Նրա խոսքով՝ փոփոխությունները կվերաբերեն Ռազմական ոստիկանությանը և բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։
Վարչապետը նշել էր, որ ոչ մարտական կորուստների դեպքում պետք է լինի անձնական պատասխանատվություն։ Միաժամանակ նա գնահատել էր, որ պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը բավարար ջանքեր են գործադրում խնդիրը լուծելու համար։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով։ Նրա մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահ էր գրանցվել նաև հունիսի 2-ին, երբ հայտնաբերվել էր Արամայիս Գևորգյանի մարմինը։ Հուլիսի 21-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։ Ավելի ուշ երկու զինծառայող կալանավորվել էր՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Ավելի վաղ, անդրադառնալով բանակում ոչ մարտական կորուստներին, Փաշինյանը հայտարարել էր, որ Զինված ուժերում նման երևույթների շուրջ 70 տոկոսի պատճառները բանակից դուրս են։ Միաժամանակ նա ընդունել էր սպայական կազմի պատասխանատվությունը և ընդգծել յուրաքանչյուր դեպքի հանգամանքներն առանձին ուսումնասիրելու անհրաժեշտությունը։
