Հաճախ ասում են, որ տեղեկատվությունը ուժ է, բայց իրական ուժը տեղեկատվությունը համայնքի զարգացմանը ծառայեցնելու մեջ է։ «Hyphen4» հասարակական կազմակերպության «Տվյալներից դեպի փոփոխություն» նախագիծը հենց այդ առաքելությունն ունի՝ տեսանելի դարձնել Հայաստանի այն անկյունները, որոնք վրիպում են նույնիսկ ամենահզոր արբանյակների «աչքից»։
Հնարավորությունների օվկիանոսը՝ հայրենիքում
Նախագծի հիմնադիր Սյունե Առաքելյանի պատմությունը սկսվել է 2005 թվականին, երբ նա ընտանիքի հետ Իրանից որպես զբոսաշրջիկ եկավ Հայաստան ու այլևս չհեռացավ։ «Հայաստանն ինձ համար հնարավորությունների մեծ օվկիանոս էր։ Ես տեսա, թե ինչքան բաց կա և ինչքան հնարավորություն՝ մի բան նախաձեռնելու և անելու»,- հիշում է Սյունեն։ Այսօր այդ տեսլականը վերածվել է մասշտաբային ծրագրի, որը շնչում և ընդլայնվում է նաև «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ։ Հիմնադրամի դրամաշնորհը դարձավ այն «ողնաշարը», որը թույլ տվեց ծրագրին դուրս գալ Երևանի սահմաններից և հասնել մինչև հեռավոր սահմանամերձ գյուղեր։



Քարտեզագրում՝ անզեն աչքով և մարդկային ջերմությամբ
Ծրագրի մեթոդոլոգիան յուրահատուկ է․ այն միավորում է բարձր տեխնոլոգիաները և «ոտքի աշխատանքը»։ Գլխավոր դերակատարները Թումոյի սաներն են։ Նրանք շրջում են իրենց համայնքներում և գրանցում այն ամենը, ինչը կարող է կարևոր լինել զարգացման պլաններ մշակելիս։
Նախագծի ֆելո, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Խաչատրյանը պատմում է, որ սկզբում թերահավատորեն էր մոտենում պատանիներին բարդ ծրագրեր սովորեցնելու գաղափարին, բայց արդյունքը զարմացրել է բոլորին․ «Երեխաներն այնքան ընդունակ են և այնպիսի էնտուզիազմ ունեն իրենց համայնքին օգուտ տալու, որ դա դարձավ ամենահաճելի բացահայտումը։ Համայնքի երեխաները մեր բանալին են․ նրանց միջոցով ենք մենք ստանում այն վստահությունը, որը դրսից եկած մասնագետը երբեք չէր ունենա»։
17,000 տվյալ՝ 11 օրում․ ի՞նչ է տեսնում «անզեն աչքը»
Ծրագրի արդյունավետությունն ապշեցուցիչ է․ ընդամենը 11 օրում 6 համայնքում հավաքագրվել է 17,000 միավոր տվյալ։ Բայց սրանք պարզապես թվեր չեն, սա համայնքի սոցիալական դիմանկարն է։ Սյունե Առաքելյանը բերում է մի ուշագրավ օրինակ․ «Մասնագետի համար շենքը կարող է թվալ լքված ու վթարային, բայց տեղացի սանն ասում է՝ «չէ, սա լքված չէ, առաջին հարկը գյուղացիներն օգտագործում են որպես անասնագոմ»։ Սա տվյալ է, որը խոսում է իրական խնդիրների մասին»։



Թափանցիկությունը՝ որպես զարգացման գրավական
Ծրագրի վերջնական նպատակը պետական գեոպորտալում առկա «տեղեկատվական փոսերը» լրացնելն է։ Մինչ Երևանի քարտեզները գերհագեցած են, մարզային համայնքների մասին տվյալները խիստ սակավ են։ Հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվում է համայնքապետարաններին՝ օգնելով նրանց ավելի ճիշտ բաշխել ռեսուրսներն ու ներդրումները։ Ավելին, այս թափանցիկությունը դրականորեն է ազդում նաև բնակիչների վրա։ «Երբ մարդիկ գիտեն, որ իրենք թափանցիկ են դառնում, սկսում են ավելի զգոն լինել, ավելի հարգել սեփական սահմաններն ու ճիշտ վերաբերվել միջավայրին»,- նշում է Սյունեն։
Դեպի ապագա
Աշոցքի հորիզոններից մինչև Օձունի լեռներ ու Գորիսի ժայռեր՝ «Hyphen4»-ը շարունակում է իր ընթացքը։ Հաջորդ փուլերում նախատեսվում է ներառել արհեստական բանականությունը՝ տվյալների թարմացումն ավելի արագ դարձնելու համար։ Իսկ այս նախագիծը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես սփյուռքի նվիրումը, տեղական պատանիների ներուժը և «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» նման կառույցների աջակցությունը կարող են ստեղծել մի նոր, տեսանելի ու հզոր Հայաստան։