Հայաստանը պատրաստվում է ընդլայնել գյուղմթերքի արտահանման շուկաները․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։Նախարարը ներկայացրել է Հայաստանի…

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացման, արտադրողականության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և թվային գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։

Օգոստոսի 13-ին Պապոյանը նաև հանդիպել է Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ 

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև այս ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ հատկապես բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։

Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում հայկական պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային ապրանքների ներկայության ընդլայնմամբ։

Քննարկվել է նաև իրանական որակյալ արտադրանքը հայկական շուկա մատակարարելու հնարավորությունը։

Պապոյանը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։

Leave a Comment