Ճապոնիան բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի կապակցությամբ

Ճապոնիան «խիստ բողոք» է հայտնում Ռուսաստանին նախագահ Վլադիմիր Պուտինի Կուրիլյան կղզի կատարած այցի կապակցությամբ, ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։

Նախարարությունը պնդել է, որ բոլոր «Հյուսիսային տարածքները», ինչպես Տոկիոն անվանում է Կուրիլյան կղզիների հարավային մասը, այդ թվում՝ Իտուրուպը, «պատմական և իրավական տեսանկյունից ճապոնական տարածք են»։

Օգոստոսի 13-ին Պուտինն անձամբ առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ։ Նախկինում Ռուսաստանի ղեկավարները Կուրիլյան կղզիներ են այցելել հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը չորս անգամ այցելել է. 2010 թվականին՝ որպես նախագահ, իսկ 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես վարչապետ։ 2021 թվականին վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Իտուրուպ։

Մոսկվան և Տոկիոն 20-րդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի շուրջ։ Դրա հիմնական խոչընդոտը մնում է հարավային Կուրիլյան կղզիների իրավունքների շուրջ անհամաձայնությունը։

Պատերազմից հետո ամբողջ կղզեխմբը միացվել է Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։

Ինչպես հայտնում է TASS-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, որը ամրագրված է միջազգային իրավունքով, կասկածի տակ չէ։

Leave a Comment