Ճշմարտությունը այն է, որ Նաթանյահուի կառավարությունը նպատակ ունի մարդկության ընդհանուր օրակարագից բացառել Պաղեստինը՝ շահ քաղելով քաոսից և տարածաշրջանի նոր հակամարտություններից։
Բայց ինչ էլ որ նրանք անեն, դա նրանց չի հաջողվի։ Օգոստոսի 12-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։
Ինչպես հայտնել է «Անադոլուն», Էրդողանը Մահմուդ Աբասին ընդունել է «նախագահին պատշաճ արարողակարգով»։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցները սևեռվել են Իսրայելի վարչապետ Նաթանյահուի «քանի դեռ ես վարչապետ եմ, Պաղեստինի անկախ պետություն չի լինի» հայտարարության ենթատեքստին և եզրակացրել, որ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «նույնիսկ մերժել է Գազայում կարգավորման ամերիկյան առաջարկությունները»։
Պաղեստինի ազգային վարչակազմը նույնպես նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Եկող տարի կանցկացվեն նաեւ «նախագահական ընտրություններ»։
Ողջունելով Մահմուդ Աբասի այդ որոշումը, Էրդողանը հույս է հայտնել, որ պաղեստինյան ընտրությունները կնպաստեն «միասնականության ամրապնդմանը»։
Պաղեստինի հարցում Թուրքիայի մոտեցումը մնում է անփոփոխ, մինչդեռ Իսրայելը շարունակում է Հորդանանի արևմտյան ափին հրեա վերաբնակիչների ավանների կառուցումը և մտադիր չէ Գազայից հեռանալ։
Իրանա-ամերիկյան պատերազմը, կարծես, բացահայտել է, որ ԱՄՆ-ը ամենազոր չէ, և Անկարան ու Երուսաղեմը ձգտում են իրավիճակից առավելագույնը շահել։
Դա վտանգավոր է, որովհետև մի պահի կողմերը կարող են գնալ ռազմական ուղղակի կամ «պրոքսի» բախման։ Մանավանդ որ Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել է «ողջ տարածաշրջանը անվտանգային միասնական համակարգում միավորելու» մտադրության մասին։
Առայժմ դա միայն գաղափար է, բայց դրա գոնե հիմնական մասով իրականցումը ոչ ոք չի կարող բացառել։