Օտարերկրացիներն ու ՀՀ քաղաքացին փորձել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնել․ 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացի Ռ․Ք․-ն օտարազգի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունվարի 17-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք են բերել «Մեթադոն» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ և փորձել իրացնել դրանք:

«Օտարազգի երկու քաղաքացիները ներգրավված լինելով ապօրինի թմրամիջոցների միջազգային շրջանառության շղթայի մեջ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո, օտարազգի քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 29-ին Երևանի Արին Բերդ փողոցում գործող ավտոպահեստամասերի շուկայի հարակից տարածքում ստացել են վերը նշված թմրամիջոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ձերբակալվել են:

ՀՀ քաղաքացու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), օտարազգի քաղաքացիներից մեկի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության փորձը), մյուսի նկատմամբ՝ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Նախաքննության շրջանակում երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,– նշված է հաղորդագրությունում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment