«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Ներկայացված վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել, հայտնում է Panorama.am-ը:
Ալեքսանյանը ձերբակալվել է հունիսի 2-ին` հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025 թվականի սեպտեմբերի 9-ից եղել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիրն ու գործադիր մարմնի ղեկավարը։ Ըստ հաղորդագրության՝ Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպված ցույցերին ու հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքների համար մասնակիցներ ներգրավելու իրական նպատակով, ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն և իր իրական մտադրությունը քողարկելով՝ քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմքով, տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել մոտ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը միաժամանակ աշխատել են նաև այլ ընկերություններում։