Թուրքիայի հարավում գտնվող Ասպենդոսի մոտակայքում հնագետները հայտնաբերել են թաղում, որտեղ ամփոփված անձը, հնարավոր է, ավելի քան 2,4 հազար տարի առաջ եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ:Քաղաքի սահմաններից դուրս…
Թուրքիայի հարավում գտնվող Ասպենդոսի մոտակայքում հնագետները հայտնաբերել են թաղում, որտեղ ամփոփված անձը, հնարավոր է, ավելի քան 2,4 հազար տարի առաջ եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ:
Քաղաքի սահմաններից դուրս գտնվող գերեզմանոցներից մեկում հայտնաբերվել է քարե սալերով կառուցված սարկոֆագ, որտեղ գտնվել են մնացորդները: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ թաղումը թվագրվում է մ.թ.ա. 475-300 թվականներով։
Մահացածի հնարավոր մարզական գործունեության մասին են վկայում դամբարանում գտնված արտեֆակտները, այդ թվում՝ ըմբիշների պատկերով արծաթե մետաղադրամները, թեև հնագետները դեռևս վերջնականապես չեն պնդում, որ նա իսկապես ըմբշամարտիկ է եղել։
Պեղումներին չմասնակցած Այովայի համալսարանի պատմաբան Սառա Բոնդի խոսքով՝ միայն մետաղադրամները բավարար չեն նման եզրակացության համար, քանի որ երկու ըմբիշների պատկերով արծաթե դրամները լայնորեն շրջանառվել են Ասպենդոսում և օգտագործվել ողջ բնակչության կողմից: Սպորտային անցյալը հաստատելու նպատակով անհրաժեշտ է անցկացնել աճյունների լրացուցիչ հետազոտություն, քանի որ ըմբշամարտով զբաղվելու մասին կարող են վկայել բնորոշ վնասվածքները, օրինակ՝ քթի կոտրվածքն ու դրա հետագա սերտաճումը:
Ասպենդոսը հունահռոմեական խոշոր քաղաք էր ժամանակակից Թուրքիայի հարավ-արևմուտքում, որտեղ ըմբշամարտն առանձնահատուկ տեղ ուներ, և քաղաքում հատվում էին երկու ըմբիշների պատկերով արծաթե մետաղադրամներ: Ավելի ուշ՝ մ.թ. II դարում, այնտեղ կառուցվել է շուրջ 8 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ, որտեղ կազմակերպվում էին վազքի, նիզակի նետման մրցումներ և ըմբշամարտ։
Հայտնաբերված գերեզմանոցում պեղումների աշխատանքները շարունակվում են։