Սոչիում բենզինի դեֆիցիտ է | Radar Armenia

Սոչիում բենզինի դեֆիցիտ է

Ռուսաստանի Սոչի քաղաքում վարորդները բախվել են վառելիքի հետ կապված նոր խնդիրների։ Բենզինի պակասի պատճառով տեղական իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել հնարավորության դեպքում հրաժարվել անձնական ավտոմեքենաներով երթևեկելուց և օգտվել հասարակական տրանսպորտից։ 

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ բենզալցակայանների ցանցերը վառելիքի վաճառքի սահմանափակումներ են սահմանել՝ «մատակարարումների լոգիստիկ խափանումների» և վարորդների շրջանում առաջացած մեծ պահանջարկի պատճառով։

Իշխանությունները Սոչիի բնակիչներին կոչ են արել «հնարավորության դեպքում զերծ մնալ անձնական տրանսպորտով երթևեկելուց»՝ բենզալցակայանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։

Սոչիի փոխքաղաքապետ Վյաչեսլավ Բաուերը նույնպես բնակիչներին խնդրել է օգտվել հասարակական տրանսպորտից կամ «հնարավորինս նվազագույնի հասցնել անձնական ավտոմեքենաներով երթևեկությունը»։

Միևնույն ժամանակ, նախօրեին քաղաքի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը վստահեցրել էր, որ «Սոչիում վառելիքի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի»։ Նրա տվյալներով՝ երկուշաբթի բենզին վաճառվում էր քաղաքի 58 բենզալցակայաններից 38-ում։ Վարորդներին հորդորել էին բենզին և դիզելային վառելիք ձեռք բերել միայն «իրական անհրաժեշտության դեպքում» և լրացուցիչ խուճապ չառաջացնել։

Սակայն վառելիքի հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն Սոչիով։ Ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարվածների շարքից հետո բենզալցակայանների հերթերը կրկին հայտնվել են Ռուսաստանի առնվազն 15 շրջաններում։

Բենզալցակայաններում բազմաժամյա սպասումների մասին հայտնում են նաև Կրասնոդարի և Գելենջիկի բնակիչները։ Նմանատիպ խնդիրներ են արձանագրվել Կալուգայի, Սարատովի, Սմոլենսկի, Ռոստովի, Տամբովի, Տուլայի, Ուլյանովսկի, Պենզայի, Ռյազանի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Բաշկորտոստանում, Պրիմորսկի և Կրասնոյարսկի երկրամասերում։

Ավելի վաղ այսօր հայտնի էր դարձել, որ Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում գտնվող Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը, անօդաչու սարքերի հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը անորոշ ժամկետով։

Leave a Comment