Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է մտնել լարված փուլ։ Կողմերի միջև ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի մեծանում, սակայն ավելանում է հարվածների թիրախայնությունը։ Պատերազմի ավարտի վերաբերյալ նախկինում քննարկվող սցենարները գնալով ավելի քիչ իրատեսական են թվում։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
– Ըստ Ձեզ՝ ինչի՞ է փորձում հասնել Մոսկվան։
Հիմա բավականաչափ ինտենսիվ քննարկումներ կան այն մասին, որ Դումայի ընտրություններից հետո հնարավոր է նոր զորահավաք տեղի ունենա՝ ամբողջական կամ մասնակի, այնպիսին, ինչպիսին եղավ 4 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերին։ Գիտենք, որ ռուսական պաշտոնական աղբյուրները, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը ևս ուղղակիորեն հերքել էր՝ հայտարարելով, որ այդ ամենը ուղղված է ընտրություններից առաջ Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելուն, գունավոր հեղափոխություն կազմակերպելու և այլն։ Բայց ամեն դեպքում մի բան հստակ է, որ այն հույսերը, որոնք կապված էին նախագահ Թրամփի 2-րդ անգամ Սպիտակ տուն վերադարձի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի հետ, և այդ հույսերը միտված էին նրան, որ հնարավոր կլինի գտնել ընդունելի լուծում կողմերի համար և պատերազմը դադարեցնել։ Այդ հույսերը չիրականացան. հիմա արդեն գրեթե բոլորը նշում են, որ այս կամ այն պատճառով Ալյասկայում ձեռք բերված հարաբերությունները չեն իրականացել, Ռուսաստանը մեղադրում է ԵՄ-ին՝ ասելով, որ փաստացի թույլ չի տվել, որպեսզի ԱՄՆ-ը բավարար ճնշում գործադրի Ուկրաինայի վրա և ստիպեն ընդունել այն առաջարկները, որոնք ամերիկացիներն ու ռուսները համաձայնեցրել են։ Ամերիկացիները այլ պատճառներ են բերում, բայց փաստը մնում է փաստ, որ եթե 1 տարի առաջ բավական շատ ինտենսիվ կերպով քննարկվում էր, որ մինչև տարեվերջ կամ մինչև 2026 թվականի գարուն Ուկրաինայում պատերազմը կարող է կանգ առնել և վերածվել սառեցված հակամարտության, հիմա նման քննարկումներ չկան։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ կա էսկալացիա, այսինքն՝ Ուկրաինան ավելացնում է հարվածները, այդ թվում՝ հեռահար հարվածները Ռուսաստանի տարածքում գործող տարբեր տնտեսական նշանակության օբյեկտների, նավթավերամշակման գործարանների, խոշոր պահեստների վրա։ Եվ արդեն այդ հարվածները հասցվում են ճակատի գծից 2000 ընդհուպ մինչև 3000 կմ հեռավորության վրա տեղակայված օբյեկտների։
Մյուս կողմից՝ Ռուսաստանը սկսել է շատ ավելի մեծացնել ճնշումը ուկրաինական նավահանգիստների վրա։ Խոցվում են ոչ միայն նավահանգիստներ, այլև նավեր, որոնք տարբեր բեռներ են տեղափոխում դեպի Ուկրաինա կամ Ուկրաինայից դուրս։ Ակնհայտորեն պատերազմի տնտեսական կոմպոնենտը կամ միմյանց տնտեսական ենթակառուցվածքին հնարավորինս մեծ վնաս տալու մղումը է՛լ ավելի է սաստկացել։ Եվ կա նաև 1 ուրիշ խնդիր, որ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ եթե Ուկրաինան հրաժարվում է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում, ապա Ռուսաստանը կհասնի այդ պայմանավորվածությունների կատարմանը զենքի ուժով, իսկ մենք գիտենք, որ այդ պայմանավորվածությունների հիմքում դրված էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի անցումը Ռուսաստանին, իսկ առայժմ տարածքի մոտ 30 %-ը, այդ թվում՝ մի քանի խոշոր քաղաք, գտնվում են ուկրաինացիների հսկողության ներքո։ Այս ամենը ի մի բերելով՝ թերևս կարող ենք հանգել եզրակացության, որ առնվազն մինչև տարեվերջ ռազմական գործողությունների ինտենսիվությունը միայն ավելանալու է։ Արդյոք մասնակի զորահավաքի տեսքով Ռուսաստանին կհաջողվի՞ զուտ բարձր աշխատավարձերի շնորհիվ ապահովել անընդհատ մարդկանց հոսք, հիմա այդ հարցին պատասխանելը բարդ է։
-Վերջերս նախագահ Պուտինը փոխատեղումներ կատարեց ուկրաինական ճակատում դաշտային հրամանատարների։ Փոխվեցին խմբավորումների ղեկավարները։ Ինչի՞ց է դժգոհ ՌԴ նախագահը, որ այսպիսի քայլի է գնում։
Միանշանակ պատճառների մասին կդժվարանամ ասել, որովհետև զարմանալիորեն տեղեկույթ չկա։ Այսինքն՝ այնքան էլ հստակ չէ՝ ինչպիսի՞ պահանջներ են նրանց առջև դրված, որո՞նք են գնահատման չափանիշները, որպեսզի, ըստ այդմ, ասենք՝ գիտեք՝ ինչ պահանջները չեն կատարվել կամ մասնակի են կատարվել, կամ գնահատման չափանիշներին չեն համապատասխանել, ըստ այդմ, նրանց պաշտոնանկ են արել։ Ընդհանուր առմամբ, հստակ է մի բան, որ Ռուսաստանը ցանկանում է բանակցությունների ճանապարհով կամ զենքի ուժով հասնել առնվազն այն պայմանավորվածության իրականացմանը, որը ձեռք է բերվել կամ որի շուրջ եղել է նախնական պայմանավորվածություն Ալյասկայում։ Գիտենք, որ ամերիկացիներն ասում են, որ ընդամենը տարբերակներ են քննարկվել, պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հետևաբար չեն կարող խախտվել։ Իսկ ռուսների պնդմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել և խախտվել։ Բայց անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ կամ Ալյասկայում քննարկված տարբերակը կիրականանա բանակցությունների միջոցով, կամ այդ տարածքները ձեռք կբերեն ռազմական գործողությունների միջոցով։ Ակնհայտ է, որ պատրաստ են պատերազմը շարունակել առնվազն ևս 1 տարի։ Շատ փորձագետներ գտնում են, որ այսօրվա պայմաններում ռազմական գործողությունները կարող են շարունակվել առնվազն մինչև 2027 թվական։
-Զելենսկին ասում է, որ «չունենք չվնասված էլեկտրակայաններ»։ Եթե ենթակառուցվածքների ոչնչացումը շարունակվի, կարո՞ղ է Ռուսաստանը դրանով փորձել ստիպել Կիևին գնալ ավելի արագ և ցավոտ բանակցային զիջումների։
-Ենթակառուցվածքների ոչնչացումը, իմ գնահատմամբ, 2 նպատակ է հետապնդում, մեկը՝ այն, ինչ դուք ասացիք, որպեսզի հարկադրեն Ուկրաինային ընդունել Ռուսաստանի պահանջները, բայց այստեղ կա նաև 2-րդ խնդիրը՝ հնարավորինս Ուկրաինան դարձնել բնակության համար ոչ պիտանի վայր։ Բնակության համար ոչ պիտանի վայր ասելով՝ նկատի ունեմ մի տարածք, որտեղ չկան գոնե 21-րդ դարին համապատասխան պայմաններ՝ 24-ժամյա հոսանքի մատակարարում, ջեռուցում և այլն։ Եվ երևի թե խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը հասկանում է, որ ամբողջ Ուկրաինան ինքը գրավել չի կարող, հասկանում է՝ եթե պատերազմի սկզբում կար ընկալում, որ կամ շատ արագ կվերցնենք Կիևը և այնտեղ պրոռուսական իշխանություն կձևավորեն, կամ, եթե ոչ, ապա գոնե ամբողջ աջակողմյան Ուկրաինան։ Կամ կարող են լավագույն դեպքում ինչ-որ տարածքներ վերցնել նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։ Բայց ամբողջ տարածքում հաստատում ռազմական ճանապարհով, բոլորը հասկանում են, որ դա իրատեսական չէ։ Հիմա ռուսներն ասում են՝ շատ լավ, եթե մենք այդ տարածքները չենք վերահսկելու, բայց նաև մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այնտեղ չլինի կենսունակ պետություն։ Կան տարբեր հաշվարկներ, որ այս պահի դրությամբ Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակչության թիվը 23-24 միլիոն է և, գուցե, շարունակում է նվազել։ Այսինքն՝ ռուսները նաև Ուկրաինայի ենթակառուցվածքները ոչնչացնելով ուզում են հասնել մի իրավիճակի, երբ բնակչությունը կշարունակի նվազել։ Ես ենթակառուցվածքների ոչնչացումը տեսնում եմ այս 2 նպատակների համատեքստում։
Լիլիթ Աբրահամյան
