Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մահապատիժը վերացնելու և այն ցմահ ազատազրկմամբ՝ ծանր աշխատանքով փոխարինելու օգտին, հայտնում է The Associated Press-ը:
Երկիրը առաջինն է արաբական աշխարհում, որն ամբողջությամբ վերացրել է մահապատիժը:
Որոշումը պաշտպանել է 128 տեղանոց խորհրդարանի անդամների մեծամասնությունը: Բացառություն էր կազմում «Հեզբոլլահ» դաշինքը, որը դեմ էր դրա վերացմանը: Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը որոշումն անվանել է «պատմական քայլ»:
Այն նաև ողջունվել է մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից: Փաստորեն, Լիբանանում մահապատիժներ չեն իրականացվել 2004 թվականի հունվարից ի վեր, երբ մտցվեց ոչ պաշտոնական մորատորիում: Այնուամենայնիվ, դատարանները շարունակում էին մահապատիժների վճիռներ կայացնել, որոնք հետագայում կասեցվել կամ փոխարինվել են այլ պատիժներով:
Անհասկանալի է մնում, թե ինչպես է իրականացվելու ցմահ ազատազրկման և ծանր աշխատանքի նոր պատիժը: Որոշ պատգամավորներ նշել են, որ համապատասխան պայմանները դեռ պետք է պարզաբանվեն։
Մահապատժի վերացումը տեղի է ունեցել խորհրդարանական լայնածավալ համաներման մասին օրենքի վերաբերյալ քննարկումների ֆոնին, որը կարող է հանգեցնել պատիժների կրճատման կամ որոշ դատապարտյալների, այդ թվում՝ զինյալների և թմրավաճառների, ազատ արձակմանը:
