«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանական կողմը բողոքարկել է նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումն «ամբողջությամբ անհիմն է», իսկ Ալեքսանյանին կալանքի տակ պահելն՝ ապօրինի։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի։ Այն պարունակում է տիպիկ շաբլոնային ձևակերպումներ առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, սակայն դրանց հիմնավորման համար որևէ փաստարկ ներկայացված չէ»,- հայտարարել է Ֆերոյանը։
Փաստաբանը նշել է, որ վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել դատավորին։ Նրա խոսքով՝ Ալեքսանյանին անազատության մեջ պահելու ընթացքում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։
«Այսօր տեսակցել եմ Ալեքսան Ալեքսանյանին։ Նա իրեն լավ է զգում, մնում է ամուր և ուժեղ»,- նշել է Ֆերոյանը։
Պաշտպանը հայտնել է նաև, որ նույն քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել մեղադրանքի վերաբերյալ՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը։
Ֆերոյանի խոսքով՝ գործի նյութերում բացակայում են ներկայացված մեղադրանքները հաստատող օբյեկտիվ ապացույցները, ինչի հիմքով պաշտպանական կողմը քրեական հետապնդումն ակնհայտ ապօրինի է համարում։
Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման, ինչպես նաև հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին աշխատանքի տեղավորման միջոցով նյութապես շահագրգռելու մեջ։
Ավելի վաղ պաշտպանական կողմը հայտնել էր, որ ենթադրյալ նյութապես շահագրգռելու դրվագով հարցաքննվել է ավելի քան 150 անձ, սակայն նրանցից որևէ մեկը չի հաստատել նման առաջարկ ստանալու փաստը։
Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, փաստաբանները պնդում են, որ այն հիմնված է միայն օպերատիվ տեղեկատվության վրա, որը չի անցել դատական վերահսկողություն և, նրանց գնահատմամբ, չի կարող ծառայել որպես ապացույց։
