ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է բանակցություններ սկսել փետրվարի վերջին ծավալված հակամարտության մեկնարկից մոտ 20 օր անց, IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ նախագահը պատերազմի առաջին իսկ օրը X սոցիալական ցանցում գրել էր ընդամենը երկու բառ՝ «անվերապահ կապիտուլյացիա»։ Նրանց պահանջը մեզնից հենց դա էր։ Սակայն նույն հակառակորդը մոտ 20 օր անց աղերսում էր բանակցությունների մասին»,- նշել է իրանցի դիվանագետը։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Թեհրանը կարողացել է պաշտպանել իր իրավունքները ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլև դիվանագիտական հարթակում։ Նա ընդգծել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ ընդունել են Իրանի հաղթանակը թե՛ հակամարտությունում, թե՛ դիվանագիտության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վերջերս հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանն առաջիկա օրերին 30-60 օրով հրադադարի համաձայնագիր կկնքեն։
«Նեղուցը բաց կլինի, էներգակիրների գնումը պետք է նվազի»,- նշել էր ամերիկացի նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ պատրաստ է ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ առանց նոր միջուկային համաձայնագրի, եթե վերականգնվի նավագնացությունը Հորմուզի նեղուցով և պահպանվի վերահսկողությունն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։
Նույն օրը Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացի առանց ԱՄՆ քաղաքականության փոփոխության։ Թեհրանի պայմանների թվում էին պատերազմի և սպառնալիքների դադարեցումը, շրջափակման ու պատժամիջոցների վերացումը, վնասի փոխհատուցումն ու սառեցված ակտիվների ապաշրջափակումը։
