Թուփաքի սպանության 30-ամյա առեղծվածը կարող է բացահայտվել – armeniatoday.am

Ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունից գրեթե 30 տարի անց Լաս Վեգասում սկսվել է գործով միակ մեղադրյալի՝ 63-ամյա «Քեֆի Դի» մականունով Դուեյն Դևիսի դատավարությունը, գրել է BBC-ին։

Դևիսը հանցավոր խմբավորման նախկին առաջնորդ է, որը մեղադրվում է հրազենի կիրառմամբ սպանության մեջ՝ հանցավոր խմբավորմանն աջակցելու կամ դրա գործունեությանը նպաստելու նպատակով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրական դատավճռի դեպքում Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։

Գործով երդվյալ ատենակալների ընտրությունը մեկնարկել է օգոստոսի 10-ին։

Շաքուրը սպանվել էր 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում։ Նրա մեքենայի ուղղությամբ կրակ էին բացել ընթացող մեկ այլ ավտոմեքենայից։ Ռեփերը ստացած վնասվածքներից մահացել էր վեց օր անց։ Սպանությունը տասնամյակներ շարունակ մնացել էր չբացահայտված, իսկ առաջին ձերբակալությունը կատարվել էր միայն 2023 թվականին, երբ Դևիսին մեղադրանք էր առաջադրվել։

Սպասվում է, որ դատավարության ընթացքում կանդրադառնան նաև 1990-ականներին ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափերի ռեփերների միջև հակամարտությանը, ինչպես նաև Bloods և Crips փողոցային խմբավորումների դիմակայությանը։

Գործով կարող են ցուցմունք տալ նաև մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ Death Row Records-ի նախկին ղեկավար Շուգ Նայթը, որը համարվում է Շաքուրի սպանության վերջին ողջ մնացած ականատեսներից մեկը։

Մեղադրանքի համար առանցքային ապացույցներից մեկը Դևիսի համահեղինակած գիրքն է, որում նա անդրադարձել է Շաքուրի սպանությանը։ Դևիսի պաշտպանական կողմը պնդում է, որ գրքում ներկայացված տեղեկությունների մի մասը գեղարվեստական հորինվածք է։

Leave a Comment