Մինչև 2026 թվականի դեկտեմբերը Հայաստանը պետք է որոշի Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը պահելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հանգամանքը, երբ Երևանի նկատմամբ հետագա հնարավոր քայլերի հարցը կքննարկվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվեի մասին կոչը լսելի չլինի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ ասվում է, որ Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում, բայց առանց կոնկրետ ամսաթիվ նշելու, անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցելու կամ հետագայում ԵԱՏՄ կազմում մնալու մասին համազգային հանրաքվե անցկացնել»:
«Ընդ որում, արդեն նշվել է, որ տվյալ հարցը կրկին կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարները զեկույց կներկայացնեն Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»,- շարունակել է Գալուզինը։
Լուսանկարը՝ Александр Казаков / ТАСС
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter