ԱՄՆ-ն ամեն անգամ, երբ չի կարողանում դիվանագիտական ճանապարհով առաջ տանել իր քաղաքականությունը, դիմում է պատժամիջոցների, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային իր X էջում՝ արձագանքելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարություններին։ Իրանի ԱԳՆ-ն հրապարակել է Բաղայիի գրառումը, որն արվել է X-ում։
«Վաշինգտոնը, երբ իրեն անկարող է տեսնում դիվանագիտություն առաջ մղելու հարցում, ապավինում է պատժամիջոցներին, իսկ երբ դրանք արդյունք չեն տալիս, պարզապես մեծացնում է դրանց չափաբաժինը։ Սա այլևս քաղաքականություն չէ, այլ սովորություն»,- գրել է Բաղային։
Նրա խոսքով՝ առավել վտանգավորն այն է, որ այդ «կախվածությունը փոխարինել է մտածողությանն ու բանականությանը»։
Օգոստոսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ստվերային բանկային համակարգի հետ կապված մի շարք միջազգային ցանցերի նկատմամբ։ Վաշինգտոնի տվյալներով՝ դրանք Իրանի համար հարյուրավոր միլիոնավոր դոլարների փոխանցումներ են իրականացրել։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ՝ Economic Fury քաղաքականության շրջանակում։
«Իրանական ռեժիմի՝ թվային ակտիվներից և ստվերային բանկային ցանցերից կախվածությունը ևս մեկ ապացույց է, որ Economic Fury-ն գործում է։ Մենք շարունակելու ենք ուժեղացնել տնտեսական ճնշումը։ Անկախ նրանից՝ խոսքը դոլարի, ռիալի թե կրիպտոարժույթի մասին է, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կհայտնաբերի և կկազմաքանդի այն ապօրինի ֆինանսական ցանցերը, որոնք աջակցում են ռեժիմի գոյությանը»,- հայտարարել է Բեսենթը։
Բաղայիի հայտարարությունը հնչել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։ Օգոստոսի 10-ին նա հայտարարել էր, որ նեղուցում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանք է։ Նա նաև նշել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս ուղիղ բանակցություններ չեն վարում։
Օգոստոսի 9-ին Իրանը ներկայացրել էր Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլքադրի խոսքով՝ դրանց թվում են Իրանի դեմ սպառնալիքների դադարեցումը, ռազմական գործողությունների վերջնական դադարեցումը, ռազմածովային շրջափակման վերացումը, Իրանին հասցված վնասի փոխհատուցումը, պատժամիջոցների վերացումը և սառեցված իրանական ակտիվների ապաշրջափակումը։
Օգոստոսի 9-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում, սակայն կողմերը միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակում՝ հնարավոր բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով։
