Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոհսեն Ռեզայիին նշանակել է Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռեզային նախկինում զբաղեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի և Գերագույն առաջնորդի խորհրդականի պաշտոնը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ռեզայի նախորդը՝ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը, նշանակվել է Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի քաղաքական խորհրդական:
Խամենեին Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Աբդոլլահին նախկինում զբաղեցրել է Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պետի պաշտոնը: Նրա նախորդը՝ գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին, սպանվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով:
Խամենեին նաև Ահմադ Վահիդիին նշանակել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար: Մոստաֆա Իզադին նշանակվել է նրա տեղակալ, իսկ Ալի Օզմայը դարձել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նոր ղեկավար: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհամմադ Պակպուրը նույնպես սպանվել էր փետրվարի 28-ին:
Խամենեին նաև Հոսեյն Թաեբին նշանակել է «Բասիջ» աշխարհազորի գլխավոր հրամանատար: Թաեբի նախորդը՝ Ղոլամրեզա Սոլեյմանին, սպանվել էր մարտի 17-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով:
