Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին – armeniatoday.am

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին՝ հոգևորականների նկատմամբ ընթացող դատական գործընթացների ֆոնին։

Պատրիարքությունը նշել է, որ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը «խոր ցավ և վիրավորանք» է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։ Պատրիարքությունում ընդգծել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական դերը հայ ժողովրդի հոգևոր և ազգային միասնության պահպանման գործում և հայտարարել, որ կաթողիկոսին ու եպիսկոպոսներին քրեական մեղադրանքներով դատական գործընթացների ներգրավելը վիրավորում է եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։

«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները», – ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը կոչ է արել պատասխանատուներին «անխոցելի պահել Հայ եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատարաններում քննվող վեճերի։

Պատրիարքությունում նաև ընդգծել են, որ Հայ առաքելական եկեղեցին առանցքային դեր ունի Սփյուռքի հայերի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում, ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը թուլացնելուն միտված քայլերը կարող են վնասել եկեղեցու և հավատացյալների միջև դարերով ամրացած կապերին։

Պատրիարքությունը հայտարարել է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ իր զորակցության մասին և կոչ արել դադարեցնել այն գործողությունները, որոնք գնահատում է որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական։

Ավելի վաղ կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները քննադատել էին նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրանք էր առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների։

Leave a Comment