Իրանի շուրջ զարգացումների շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը։ Վերջերս Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը և ԱԳ նախարարը, հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չկան, և շփումներն իրականում միջնորդների օգնությամբ են տեղի ունենում։ Սրան հաջորդեց նախագահ Փեզեշքիանի հայտարարությունը, ով հերքեց նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին լուրը։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նա նման հայտարարություն արել։ Ինչո՞ւ այս անգամ հերքեց, քանի որ նման լուրեր տարածվել էին նաև նախկինում։
-Այս օրերին Իրանի քաղաքական ուժերի միջև կա լարվածություն՝ կապված ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։ Ազդեցիկ մի հոգևորական, որը հեռու ազգակցական կապ ունի երկրի առաջնորդի հետ, հրապարակային կերպով խիստ քննադատել է հանրապետության նախագահ Փեզեշքիանին և ԱՄՆ-ի հետ բանակցության կողմնակիցներին։ Նա անգամ հայտարարել է, որ պրն Փեզեշքիանը մինչ այժմ 28 անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, առաջնորդը միշտ մերժել է, բայց այս անգամ, եթե դիմում ստանա, կհամաձայնի։ Նախագահի գրասենյակը հերքել է այս պնդումը, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ պրն Փեզեշքիանը հայտարարել է, որ նման մտադրություն չունի։
-Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ ուղիղ բանակցություն չեն վարում, միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակում։ Մինչդեռ ԱՄՆ-ից տեղեկություններ են տարածում, որ բանակցություններ ընթանում են։ Ինչո՞ւ է 2 կողմերի հայտարարությունը տարբեր։
-Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ամիսներ է, որ ԻԻՀ-ի իշխանությունների համար այլընտրանք է փնտրում և բանակցում է քաղաքական-ռազմական գործիչների մի լայն շրջանակի հետ՝ երկրի ներսում կամ դրսի ընդդիմությունից։ Այդ շարքում կարելի է հիշատակել գահընկեց շահի որդուն, Իրանի ԱԽ-ի երբեմնի քարտուղար Լարիջանիին, խորհրդարանի նախագահ Ղալիբաֆին, շրջանավարտ նախագահներին, գործող նախագահին և այլոց։ Կարծում եմ՝ ԻԻՀ-ի արտգործերի նախարարն այդ նկատի ունի։
-Ըստ Իրանի նախագահի՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև որոշակի կոնտակտներ այժմ պահպանվում են բացառապես երրորդ կողմերի ներգրավմամբ։ Երրորդ կողմեր ասելով՝ ո՞ր երկրների մասին է խոսքը, և արդյոք դրանք կարող են տանել հավանական հաշտության։
-Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների համար մինչ այժմ ջանքեր են ներդրել Օմանը, Քաթարը, Եգիպտոսը և հատկապես Պակիստանը։ Պակիստանի միջնորդության շնորհիվ Ղալիբաֆը և ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հանդիպեցին Իսլամաբադում, և նախագահներ Թրամփն ու Փեզեշքիանը հեռակա կարգով հուշագիր ստորագրեցին։ Իրանը և Օմանը առանձին կերպով բանակցում են նաև Հորմուզի նեղուցի իրենց իրավունքների կապակցությամբ։
-Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, որովհետև վերջերս կնքվեց Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա պաշտպանական համաձայնագիրը, որը, չնայած հերքումներին, ասում են, որ ուղղված է Իրանի դեմ կամ Իրանից պաշտպանվելու համար է։
-Դո՛ւք իրավացի եք։ Մեքքայում կնքվել է Սաուդական Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական համաձայնագիր, բայց դա ահազանգ է ոչ միայն Իրանին, այլ նաև Իսրայելին և Հնդկաստանին՝ յուրաքանչյուրն իր մասով։ Հիշենք Մեքքայի եռյակի առանձին անդամների լարված հարաբերությունները Իրանի, Իսրայելի և Հնդկաստանի հետ։ Հատկապես Սաուդական Արաբիան հուսախաբված է ԱՄՆ-ից, անընդհատ Իրանի հարվածների թիրախ է դառնում և հիմա անվտանգության նոր երաշխավոր է փնտրում։ Այս պաշտպանական համաձայնագիրը կզսպի Իրանին, քանի որ Թեհրանը Իսլամաբադի և Անկարայի հետ լավ հարաբերություններ ունի։
-Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի շուրջ պայմանավորվածության։ Ինչի՞ մասին է խոսքը, և սա ինչո՞վ կարող է հատկանշական լինել ու ազդել զարգացումների վրա։
-Հորմուզի միջազգային նեղուցը սահմանակից է Իրանին և Օմանին։ Այդ երկուսը հիմա բանակցում են միասնական քաղաքականություն մշակելու, նեղուցից անցնող նավերից միջնորդավճար գանձելու և նրանց համար անվտանգ երթուղի ապահովելու համար։ Միջազգային հանրային կարծիքը միջնորդավճարին դեմ է, քանի որ Հորմուզը համարվում է միջազգային անցուղի։ Չի բացառվում, որ նեղուցն օգտագործող երկրները համաձայնեն մի այլ տեսակի վճարի հետ, որը թերևս կոչվի բնապահպանական տուրք կամ նման մի բան, բայց ոչ մաքսատուրք։
Լիլիթ Աբրահամյան
