«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը և վերականգնել աշխատանքը, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հակոբյանը նաև պահանջում է, որ աշխատանքի վերականգնման անհնարինության դեպքում իրեն տրամադրել համարժեք պաշտոն և վճարվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։
Հայցը դատարանն ստացել է հուլիսի 17-ին։ Գործը կքննի դատավոր Նշան Խաչատրյանը։
Հունիսին՝ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում, Հակոբյանը հայտնել էր, որ քաղաքական հայացքների պատճառով ազատվել է քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպչի պաշտոնից։ Նա աշխատել է նաև որպես հայոց լեզվի և գրականության դասախոս և կրթության ոլորտում գործունեությանը նվիրել 31 տարի։
Հակոբյանը նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունն արժանացել է շնորհակալագրերի, այդ թվում՝ կրթության ոլորտի նախարարության և ուսումնական հաստատությունների ղեկավարության կողմից։
Նա նաև ընդգծել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուի կարգավիճակով ընտրություններին մասնակցելն իր համար պատիվ է և այդ որոշումը կապել է երկրի շահերի պաշտպանության հետ։
