Իրանը կդիվերսիֆիկացնի տնտեսությունը արտաքին ճնշումների և պատժամիջոցների ազդեցությունը նվազենցելու նպատակով, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա ընդգծել է հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) ընձեռած հնարավորությունների ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է drpezeshkian.ir-ը։
«Մենք զարգացնում ենք տնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանի երկրների հետ և ակտիվորեն օգտագործում միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՏՄ-ի, BRICS-ի և ՇՀԿ-ի ներուժը։ Այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրվել են նշանակալի արդյունքներ»,– նրա խոսքերը մեջբերում է լրատվամիջոցը։
Փեզեշքիանն անդրադարձել է նաև տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնման կարևորությանը՝ նշելով, որ, չնայած ծովային ուղիների որոշակի սահմանափակումներին, Իրանին հաջողվել է ավելացնել ցամաքային բեռնափոխադրումների ծավալները։ Մասնավորապես, Չինաստանից Իրան եկող բեռնատար գնացքների հաճախականությունը շաբաթական մեկից հասել է օրական երեքի։
Բացի այդ, Թեհրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ նոր տրանսպորտային միջանցքներ գործարկելու և առկա երթուղիներն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և հարևան երկրների հետ հարաբերություններին՝ Փեզեշքիանը նշել է, որ, չնայած վերջին ռազմաքաղաքական զարգացումներով պայմանավորված բարդություններին, Իրանի հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ շարունակում են զարգանալ դրական դինամիկայով։
Իրանը ընդլայնում է տնտեսական և անվտանգային համագործակցությունը Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Իրաքի և Ռուսաստանի հետ։ Պակիստանի հետ առևտրաշրջանառությունը նախատեսվում է 3 միլիարդ դոլարից հասցնել 10 միլիարդի։ Միևնույն ժամանակ, չնայած քաղաքական որոշ տարաձայնություններին, երկխոսությունը պահպանվում է նաև Ադրբեջանի հետ։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է առկա խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով և հասնել կայուն համաձայնությունների, սակայն դրանք պետք է հիմնված լինեն Իրանի ազգային շահերի և իրավունքների վրա։
Նա ընդգծել է, որ Իրանի հիմնական հենարանը սեփական ժողովուրդն ու ներքին ռեսուրսներն են, իսկ արտաքին քաղաքականությունը չպետք է հանգեցնի այլ պետություններից միակողմանի կախվածության։
