Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունն առանց միջուկային համաձայնագրի․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ավարտել հակամարտությունն առանց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի, գրել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։

Ըստ պարբերականի՝ Թրամփն առանձնազրույցներում իր բարձրաստիճան օգնականներին հայտնել է առանց միջուկային գործարք կնքելու հակամարտությունից դուրս գալու ցանկության մասին։ Նա նաև հայտարարել է, որ 2025 թվականին Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո Թեհրանը չի կարողանա վերսկսել միջուկային ծրագիրը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ Իրանի կողմից նման փորձ կատարելու դեպքում, Թրամփի կարծիքով, ամերիկյան հետախուզությունը կկարողանա ժամանակին հայտնաբերել այն, փոխանցել է գործակալությունը։

Եթե Վաշինգտոնին հաջողվի հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը և պահպանել վերահսկողությունն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, Թրամփը կարող է անորոշ ժամկետով երկարաձգել հրադադարի ռեժիմը և վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, նշել է պարբերականը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Leave a Comment