Հայկական ծագումով ամերիկացի գրող Քրիստոֆեր Գոր Պատվականյանը ներկայացրել է իր դեբյուտային՝ «Խուստուփ լեռան ստվերում» (In the Shadow of Mount Khustup) վեպը, որը պատմում է Սյունիքի, 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքների և արմատներին վերադառնալու մասին։
Գրքի գլխավոր հերոսը պատերազմի վետերան Խաչիկ Լազարյանն է, ով Երևանում երկար տարիներ ապրելուց հետո վերադառնում է Կապանի մոտ գտնվող իր հարազատ գյուղ: Այնտեղ նա նորից հանդիպում է իր առաջին սիրուն՝ Սիրանուշին, ով արդեն նշանված է: Սյուժեն ծավալվում է հերոսի՝ հետպատերազմյան տրավման հաղթահարելու փորձերի, նրա հարաբերությունների և ինքնաճանաչման ճանապարհի շուրջ:
Վեպը գրված է անգլերենով։ Ըստ հեղինակի՝ իր նպատակներից մեկը Սյունիքի բնակիչների մթնոլորտն ու բնավորությունը փոխանցելն էր։
Գրքի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել Պատվականյանի այցը տարածաշրջան: ԱՄՆ-ում ծնված և մեծացած հեղինակն առաջին անգամ այցելել է Սյունիք հինգ տարեկանում, իսկ 20 տարի անց վերադարձել է նախնիների հայրենիք՝ տեսնելու այն վայրերը, որոնց մասին նախկինում գիտեր ընտանեկան պատմություններից և տեսագրություններից:
Պատվականյանն ապրում է Բոստոնում: Նա ավարտել է Հարվարդի համալսարանը և Ջեորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Georgia Institute of Technology), աշխատել է տվյալների վերլուծության ոլորտում Հարվարդի բիզնես դպրոցում և մասնավոր ընկերություններում, ինչպես նաև դասավանդել է «ԹՈՒՄՈ»-ում և այլ կրթական նախագծերում:
