«Տևական խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններն անտեսված են»․ Արտակ Բեգլարյան

«Տևական խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններն անտեսված են»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կայուն ու տևական խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել նաև հետևյալ պայմանները, որոնք լրիվությամբ անտեսված են Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում և Վաշինգտոնյան հռչակագրում՝
1. Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ու կյանքը հայրենիքում, որը որևէ առնչություն չունի ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների հետ.
2. Բոլոր հայ պատանդների ազատ արձակումը ադրբեջանական գերությունից և անհետ կորածների ճակատագրերի պարզումը.
3. Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը.
4. Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձը/ազատումը.
5. Հայատյացության քաղաքականության ու համակարգի ոչնչացումը Ադրբեջանում:
Ընդ որում՝ այս ամենը ուղղակիորեն բխում են նաև Արդարադատության միջազգային դատարանի հրամաններից՝ որպես պարտադիր կատարման քայլեր և՛ Ադրբեջանի, և՛ ողջ միջազգային հանրության համար, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների համար:
Ես, կամա ու ակամա, ցանկանում եմ կայուն, արժանապատիվ, արդար ու ներառական խաղաղություն հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար, այդ պատճառով էլ չեմ հանդուրժում թուրք-ադրբեջանական քարոզչական ծխածածկույթը, որի գլխավոր դերակատարը, ցավոք, ՀՀ իշխանություններն են: Ավելին, հայ ժողովրդի հատկապես արցախյան հատվածն այդ խաղաղությունը ցանկանում է շատ ավելի, քան նման ծխածածկույթ ապահովող որևէ պաշտոնյա ու գործիչ, որոնք մեզ թիրախավորում են ճշմարտությունն ասելու համար»:

Leave a Comment