Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանության մասին եռակողմ համաձայնագիր։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Արարողությունը կայացել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի հանդիպման ժամանակ:
Համաձայնագրի համաձայն՝ երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի վրա։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսում է երեք երկրների միջև համապարփակ պաշտպանական համագործակցության զարգացում և միտված է «ագրեսիայի բոլոր դրսևորումների» հավաքական զսպման ուժեղացմանը:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, համատեղ հայտարարության մեջ պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի պարտավորությունների վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չեն ներկայացվում: Ըստ թուրք անանուն պաշտոնյաներից մեկի՝ համաձայնագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ, բաց է տարածաշրջանի այլ երկրների համար, չի չեղարկում և չի փոխարինում դրա մասնակիցների՝ արդեն գոյություն ունեցող միջազգային պայմանավորվածություններին: Համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվել են շուրջ մեկ տարի։
Նոր համաձայնագիրը կամրապնդի մուսուլմական երեք խոշոր պետությունների համագործակցությունը Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանում անկայունության ֆոնին:
Թուրքիան ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն ունի։ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առանցքային գործընկերներից մեկն է, իսկ Պակիստանը միջուկային զենք ունի։
Մեքքան մուսուլմանների սուրբ քաղաքն է։ Այդ հանգամանքը համաձայնագրին տալիս է խորհրդանշական կշիռ։
Լուսանկարը՝ Getty Images-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter