ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանը դարձել է «եզակի երկիր, որտեղ քաղաքական քննարկումների հիմնական հարցը հայրենիքի և պետության սահմանների ճշգրտումն է»։
Այդ գնահատականը քաղաքական դաշտում հերթական քննարկումների առիթ դարձավ։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
– Գեղամ Մանուկյանը պնդում է, որ իշխանության քննարկման հիմնական թեման դարձել է հայրենիքի և պետության սահմանների ճշգրտումը։ Համաձա՞յն եք այս գնահատականին, թե՞ այն քաղաքական չափազանցություն է։
– Գեղամ Մանուկյանը, որպես վերջին տարիներին Հայաստանում ձևավորված դասական ինստիտուցիոնալ ընդդիմության ներկայացուցիչ, կանխակալ վերաբերմունք ունի իշխանության կողմից իրականացվող գրեթե ցանկացած գործողության նկատմամբ, հատկապես երբ դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը։
Անշուշտ, Հայաստանի իշխանությունն այսօր իրականացնում է գործառույթներ, որոնք կապված են պետական սահմանների վերջնականացման հետ, քանի որ ընթանում են սահմանազատման և սահմանագծման գործընթացներ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը սահմանափակվում է միայն այդ հարցով կամ որ նրանք զբաղվում են բացառապես սահմանների թեմայով։ Դա պետական կառավարման բազմաթիվ ուղղություններից ընդամենը մեկն է։
– Սահմանների և տարածքների վերաբերյալ ներկայիս քաղաքականությունը բխո՞ւմ է Հայաստանի պետական շահերից։
– Բնականաբար, ցանկացած պետության համար սեփական սահմանների հստակեցումն ու հարևան երկրների կողմից դրանց ճանաչումը բխում է այդ պետության շահերից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Ընթացող գործընթացը նպաստում է Հայաստանի պետական սահմանների ամրագրմանը, իսկ հստակ ամրագրված սահմանները նշանակում են պաշտպանված ինքնիշխան տարածք։ Դա նաև հնարավորություն է տալիս, որ հարևանների կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում միջազգային հանրությունը ցուցաբերի առավել հստակ քաղաքական և իրավական արձագանք։
Բացի այդ, սահմանների հստակեցումը կարող է նպաստել հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, սահմանային առևտրի դյուրացմանը և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
– Ինչո՞ւ է մտահոգ ընդդիմությունը։ Արդյո՞ք սահմանազատման գործընթացը վտանգում է ազգային շահերը։ Ի՞նչ փաստարկներով եք հերքում այդ պնդումները։
– Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ ընդդիմության մտահոգությունները ուղղակիորեն կապված չեն հենց սահմանազատման գործընթացի հետ։ Խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է։
Իմ գնահատմամբ՝ նրանց հիմնական անհանգստությունը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություններին։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները, որոնք ներկայում խորհրդարանական ընդդիմության դեր են կատարում, իրենց քաղաքական գործունեության մեջ, ըստ էության, առաջնորդվում են մեկ հիմնական նպատակով՝ պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանում և թույլ չտալ, որ ռուսական ազդեցությունն ավելի նվազի։
Հետևաբար, այն գործընթացները, որոնք, իրենց ընկալմամբ, կարող են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, դառնում են նրանց քննադատության առարկա։ Սահմանազատված և միջազգայնորեն ավելի հստակ ընդունված սահմաններ ունենալը, իմ գնահատմամբ, չի բխում Ռուսաստանի շահերից, որովհետև սահմանային անորոշությունները հնարավորություն են տալիս պահպանել և մեծացնել ազդեցությունը, մինչդեռ հստակեցումը սահմանափակում է այդ հնարավորությունները։ Այդ տրամաբանությամբ էլ ինստիտուցիոնալ ընդդիմությունը փորձում է հակադրվել այս գործընթացներին։
– Սահմանների հստակեցումն ինքնին չի նշանակում անվտանգության լիարժեք ապահովում։ Սակայն այն էականորեն նվազեցնում է ռիսկերը։
Եթե Հայաստանը ունենա հստակեցված և իրավական առումով ամրագրված սահմաններ, ապա Ադրբեջանի հնարավոր նոր պահանջներին կամ գործողություններին հակազդելու համար կունենա ավելի ամուր իրավական և քաղաքական հիմքեր։
