Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ 2026թ. օգոստոսի 7-ին, մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործի դատաքննությունը։ Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
Լրատվամիջոցները չեն կարողանում լուսաբանել դատական նիստը, քանի որ դահլիճում տեղ չկա։ Ապահովված չէ լուսաբանման այլ պայմաններ, օրինակ՝մոնիտորների միջոցով, ինչը հնարավորություն կտար հետևել նիստի ընթացքին։ Կարգադրիչները հայտարարեցին, որ նիստերի դահլիճում մի քանի լրատվամիջոցներից լրագրողներ կան։
Նշենք, որ նիստը սկսվելուց 10 րոպե անց, դատական կարգադրիչներն ու ոստիկանները հայտարարեցին, որ դատական նիստն անցկացվում է դռնփակ։
Դատարանի բակում և հարակից տարածքներում կենտրոնացած են ոստիկանական մեծ ուժեր։
Նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը, ով արքեպիսկոպոս է և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրենը, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։
Ըստ մեղադրանքի՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել հայցը և բավարարել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը չխոչընդոտել Արման Սարոյանի պաշտոնավարումը՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Արգելվել է նաև կատարել ցանկացած գործողություն, որը կարող էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանն ու ֆինանսական գործարքների կատարմանը։
Մեղադրանքի համաձայն՝ դատարանի որոշման հիման վրա նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, իսկ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։
Չնայած դրան՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, քննարկել է Արման Սարոյանի հրապարակային հայտարարությունները, դրանք գնահատել որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և միաձայն առաջարկել Կաթողիկոսին կարգալույծ հայտարարել նրան։ Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը և կարգալույծ հռչակել Սարոյանին՝ զրկելով նրան հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։
Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները հանդիսացել են դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, քանի որ դատարանն արդեն արգելել էր Սարոյանի պաշտոնավարումը խոչընդոտող ցանկացած գործողություն։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter