«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին մեղադրել է կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ՝ «Ուժեղ Հայաստան»-ի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ պնդումներ հնչեցնելու համար։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ղահրամանյանը հայտարարել է, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում, որին հղում էր կատարել Ղազարյանը, «Ուժեղ Հայաստան»-ի անունը չի հիշատակվում։ Նա ՔՊ պատգամավորին կոչ է արել ցույց տալ փաստաթղթի այն էջը, որտեղ նման պնդում է ներկայացված։
Պատգամավորը նաև մեջբերել է զեկույցի մի հատված, ըստ որի՝ հիբրիդային սպառնալիքների նպատակներից մեկը կարող է լինել Հայաստանի դիմադրողականության խարխլումը, ընտրությունների ապալեգիտիմացումն ու արտաքին դերակատարների համար «հարմար» իշխանության ձևավորումը։ Ղահրամանյանն այս ձևակերպումը կապել է շուրջ 60 հազար ձայն ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված չլինելու հետ և հարց բարձրացրել, թե որ երկրի համար կարող է «հարմար» լինել Հայաստանում ձևավորված իշխանությունը։ Նա ենթադրել է, որ խոսքը կարող է վերաբերել Թուրքիային և Ադրբեջանին։
Խորհրդարանի նիստում շարունակվել է ընդդիմության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։ Քննարկումը նախորդ օրը չէր ավարտվել․ հարցեր տալու համար հերթագրվել էր 43, ելույթների համար՝ 59 պատգամավոր։ Քննարկման ընթացքում Վարդևանյանին հարցեր են ուղղվել քաղբանտարկյալների, Հայաստանի տարածքային ամբողջականության, ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործերի և նրա քաղաքական անցյալի մասին։
Ելույթների առանցքային թեմաներից մեկը կրկին իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններն էին։ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ընթացող դատական գործընթացին, հայտարարել է, որ իշխանությունները «դատում են նրանց, ովքեր Հուդայի ճանապարհով չեն գնացել»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հայտարարել է, որ կաթողիկոսին ավազանի անունով դիմելը վիրավորանք չէ և չի կարող «կարմիր գիծ» համարվել։
Ընդդիմադիր պատգամավորները կրկին անդրադարձել են նաև տարածքային անվտանգության և Արցախի հարցերին։ Ղահրամանյանը հայտարարել է, որ մինչև գործող իշխանության կառավարման ստանձնումը Հայաստանի առջև ադրբեջանցիների վերադարձի պահանջ չի դրվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իշխանություններին կոչ է արել նախ հասնել Հայաստանի այն տարածքների ազատագրմանը, որոնք, ընդդիմության գնահատմամբ, օկուպացված են Ադրբեջանի կողմից, և հետո միայն «քարտեզներ բաժանել»։
Նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ Արցախում շարունակվում է հայկական ժառանգության ոչնչացումը, և իշխանություններին կոչ արել պատասխան պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Նա նաև նշել է, որ, իր գնահատմամբ, ԲՀԿ-ի ձայների հաշվին ձևավորված երեք հինգերորդի մեծամասնությունը քաղաքական լեգիտիմության հարց է առաջացնում այն սահմանադրական օրենքների և պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընդունման կամ ընտրության համար անհրաժեշտ է նման մեծամասնություն։
Փոխադարձ մեղադրանքների ֆոնին ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զգուշացրել է ընդդիմադիր գործընկերներին, որ իր հասցեին, իր գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններ հնչեցնելու դեպքում կարող է դիմել դատարան։
