Ռուբեն Վարդանյանի կինը կտեսակցի նրան ԱԳՆ-ի միջոցով․ ԶԼՄ – armeniatoday.am

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, գործադիրից հայտնել են News.am-ի հարցմանն ի պատասխան։

Կառավարությունից տեղեկացրել են, որ արդեն կապ է հաստատվել Զոնաբենդի հետ և փոխանցվել են ԱԳՆ համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։

«Հաշվի առնելով դրանց զգայունությունը, Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել տիկին Զոնաբենդի հետ՝ հասցեագրելու բարձրացված հարցերը, ինչպես նաև ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերն ու գործողությունները»,- նշված է գործադիրի պատասխանում։

Հարցման անհրաժեշտությունը առաջացել էր Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությունից հետո․

Հուլիսի 8-ին Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։

2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։

Leave a Comment